ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանն ավարտել է ԱՄԷ–ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի շրջանակում աշխատանքի իր մասը։ Այս մասին ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա նշեց, որ Հայաստանն այդ աշխատանքն ավարտում է ԵԱՏՄ երկրներից վերջինը։ Նախարարի խոսքով՝ մանրամասները ճշտելու համար մշտական կապի մեջ է ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետ:
Պապոյանը խոսեց նաև ԱՄԷ–ի «Մասդար» ընկերության հետ համագործակցության մասին։
«Մեր տնտեսության մեջ գազից կախվածությունը շարունակաբար նվազում է` ի հաշիվ մեր արևային էլեկտրակայանների։ Մենք շուտով ԱՄԷ «Մասդար» ընկերության հետ կկնքենք պայմանագիր։ Հաջորդ շաբաթ ես սպասում եմ ընկերության ներկայացուցիչներին Հայաստանում, որպեսզի վերջնական պայմանագիրը ստորագրվի ու ներդրումային մոտ 180 մլն դոլարանոց ծրագիրը սկսի գործել»,– ասաց նախարարը։
Հայկական կողմից ծրագիրը ղեկավարվում է էկոնոմիկայի նախարարության կողմից։
«Այս պայմանագիրը ոչ միայն օտարերկրյա կարևոր ներդրում է ՀՀ համար, այլև Հայաստանի էներգետիկ անվտանգությունը էականորեն բարձրացնող և դիվերսիֆիկացնող նախագիծ է լինելու»,– ընդգծեց Պապոյանը։
Նշենք, որ Հայաստանի և ԱՄԷ–ի առևտրի ծավալը վերջին երկու տարում աճել է ավելի քան 20 անգամ` հասնելով մինչև մոտ 2,3 մլրդ դոլարի։