Վահագն Խաչատուրյանը ստորագրել է սահմանազատման կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը

Ավելի վաղ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել սահմանազատման կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագծին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը դեռ երեկ՝ հոկտեմբերի 24-ին, ստորագրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը: Փաստաթուղթը տեղադրված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։ Այդ մասին տեղեկությունը սակայն, հայտնի է դարձել այսօր։
«ՀՀ նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 23–ին Ազգային ժողովն ընդունեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։
Կանոնակարգը 7 հոդված ունի, դրանք հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկական տվյալներ են, ընդհանրական ձևակերպումներ։ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Կանոնակարգում նշվում է` հնարավոր է, որ խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո գործընթացն այլ սկզբունքներով ընթանա։