ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանը այսօր մի շարք հրամանագրեր է ստորագրել նոր դեսպաններ նշանակելու ու հետ կանչվելու մասին։
Հասմիկ Տոլմաջյանը հետ է կանչվել Ֆրանսիայի հանրապետությունում և Մոնակոյի իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եվ լիազոր դեսպանի պաշտոնից։ Մեկ այլ հրամանագրով ՀՀ նախագահը նրան նշանակել է Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ժնև):
Հասմիկ Տոլմաջյանը
© Photo : press office ot the Embassy or RA in France
Ֆրանսիայում ՀՀ նոր դեսպան է նշանակվել Արման Խաչատրյանը, որը մինչ այդ Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչն էր Եվրոպայի խորհրդում։
Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ու Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը նույնպես հետ է կանչվել իր պաշտոնից ու նշանակվել Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
Արմեն Պապիկյանը հետ է կանչվել Ավստրիայի և Սլովենիայի հանրապետություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավարի, ինչպես նաև Վիեննայում ՄԱԿ–ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոններից։ Նա նշանակվել է Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստրասբուրգ):