ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել է ԵՄ հետ վիզաների ազատականացման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբ:
Խումբը ստեղծվել է ՀՀ-ԵՄ համաձայնագրերի իրականացման համար պատասխանատու միջգերատեսչական հանձնաժողովին կից: Այն կգլխավորի ինքը՝ Մհեր Գրիգորյանը։ Խմբի կազմում են նաև եվրոպական ինտեգրման և արտաքին կապերի խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարները, ՆԳՆ, արդարադատության, առողջապահության և արտաքին գործերի փոխնախարարները, ինչպես նաև մի քանի պատգամավորներ և միջին օղակի պաշտոնյաներ:
Սեպտեմբերին Մհեր Գրիգորյանը Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասի հետ հանդիպումից հետո հայտարարել էր ԵՄ-ի հետ վիզային ազատականացման շուրջ պաշտոնական երկխոսության մեկնարկի մասին:
Այս տարվա հուլիսին ԵՄ երկրների ԱԳ նախարարները հավանություն տվեցին Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին։