Երկար տարիներ անտեսված․ Երևանի Մերգելյան այգին վերաբացվեց

Մերգելյանի այգու հանդիսավոր բացումից հետո ներկաները ծառատունկի մասնակցեցին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Այսօր հանդիսավորությամբ վերաբացվեց Երևանի Մերգելյան այգին։ Այստեղ ընդարձակ հրապարակ է ստեղծվել երեխաների համար, տեղադրվել են մանկական ատրակցիոններ։ Այգու հատված է տեղափոխվել «Դվին» հյուրանոցին կից տարածքում գտնվող «Լեռնեցիների պարը» արձանախումբը։
Այգու բացման արարողության ժամանակ ելույթ ունեցավ արձանախմբի հեղինակ, քանդակագործ Տիգրան Արզումանյանը։
«Մենք մեր քաղաքը պետք է պահպանենք և ամեն ինչ անենք, որ մաքուր և բարեկարգ լինի»,-ասաց նա։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ իր ելույթում նշեց, որ այգին երկար տարիներ գտնվում էր անտեսված և զավթված վիճակում, այսօր ամեն ինչ այլ է։
«Այգին հիմնանորոգվել է` դառնալով բարեկարգ և ժամանակակից։ Վստահ եմ` երևանցիների սիրած այգիներից մեկն է լինելու»,- ընդգծեց քաղաքապետը։
Նշենք, որ այգու հանդիսավոր բացումից հետո ներկաները մասնակցեցին ծառատունկի։