ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցների մշակման խումբը (FATF) Ռուսաստանին չի ներառել իր «սև ցուցակում»։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Փարիզում FATF-ի լիագումար նստաշրջանի արդյունքների վերաբերյալ հաղորդագրությանը։
FATF–ի տուգանային ցուցակները կազմվում են բարձր ֆինանսական ռիսկայնություն ունեցող երկրների համար: Կազմակերպությունը հիմքեր չի գտել ՌԴ-ին այդ ցուցակներում ընդգրկվելու համար՝ հաստատելով, որ երկիրը` որպես FATF-ի անդամ, երկիրը բարեխղճորեն կատարում է բոլոր պարտավորությունները:
FATF–ը միաժամանակ ուժի մեջ է թողել Ռուսաստանի անդամակցության դադարեցումը, որը սահմանվել է 2023 թվականին ուկրաինական հակամարտության ֆոնին։ Ռուսաստանի ֆինանսական մոնիտորինգի դաշնային ծառայությունն ի պատասխան նշել է, որ այդ կասեցումը ռուսաստանյան ֆինանսական ինստիտուտների համար սահմանափակումներ չի առաջացնում, և ընդգծել է, որ փողերի լվացման դեմ պայքարի ռուսական համակարգը շարունակում է արդյունավետ աշխատել՝ զարգացնելով այլ պետությունների հետ համագործակցությունը:
Ավելի վաղ «Politico» պարբերականը ենթադրել էր, որ հնարավոր է` Ռուսաստանն ընդգրկվի տուգանային ցուցակներում։ Ֆրանսիացի տնտեսագետ Ժակ Սապիրը ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել էր, որ նման քայլը կվնասի FATF-ի հեղինակությունը և կարող է կազմակերպության փլուզման հանգեցնել:
FATF-ը, որը հիմնադրվել է 1989 թվականին և գործում է Փարիզում, մշակում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային չափորոշիչներ և գնահատում է այդ նորմերի պահպանումը ազգային մակարդակում: