ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման և անվտանգության հարցերի հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 23–ին Ազգային ժողովն ընդունեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։
Կանոնակարգը 7 հոդված ունի, դրանք հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկական տվյալներ են, ընդհանրական ձևակերպումներ։ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Կանոնակարգում նշվում է` հնարավոր է, որ խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո գործընթացն այլ սկզբունքներով ընթանա։