Մեր նպատակն այն չէ, որ մենք սահմանափակենք այդ երկրների քաղաքացիների մուտքը. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը` մեկնաբանելով Կառավարությունը որոշումը` խստացնել Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների համար Հայաստան մուտք գործելու ընթացակարգերը։
«Կառավարությունը նպատակ ունի կանոնակարգել այդ հոսքերը, որպեսզի եթե ցնկանում են գալ աշխատել, թող աշխատեն, բայց կանոնակարգված լինի։ Այսինքն` մի կողմից մենք կունենանք հոսքերի նվազում, բայց դրանք կլինեն ավելի վերահսկելի»,– ասել է Դավթյանը։
Ըստ կառավարության որոշման մեջ ներկայացված հիմնավորման` վերջին երկու տարիներին կտրուկ աճել է էլեկտրոնային վիզայով Հայաստան ժամանող Հնդկաստանի քաղաքացիների թիվը, ովքեր վիզայի ժամկետի ավարտից հետո շարունակում մնալ մեր երկրում՝ առանց օրինականացնելու իրենց բնակությունը:
Խնդրահարույց է նաև Եգիպտոսի և Իրաքի քաղաքացիների մուտքերի վիճակագրությունը։ Այս դեպքերում թվերը մեծ չեն, բայց մեծ է ապաստան հայցողների թիվը։
Մուտքի իրավունքի խստացման նպատակը անօրինական միգրացիան և դրանից բխող անցանկալի հետևանքները կանխելն ու վերացնելն է։ Մասնավորապես` նոր կարգի համաձայն այս երկրների բնակիչները Հայաստան կարող են գալ միայն ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակի, նաև ինքնաթիռի հետադարձ տոմսի առկայության դեպքում։
Պետք է ունենան մեր երկրում գործող իրավաբանական անձի, պետական մարմնի, օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ միջազգային կազմակերպության կողմից հրավեր։
Էլեկտրոնայի վիզայի համար անհրաժեշտ պայման է սահմանվել ֆինանսական միջոցների առկայության մասին բանկային քաղվածքը և ճամփորդական ապահովագրությունը։