ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի այսօր կայանալիք «Մանչեստր Յունայթեդ»-«Ֆեներբահչե» խաղից առաջ անգլիական «Մանչեստր Յունայթեդի» հինգ երկրպագուներ հարձակման են ենթարկվել Ստամբուլում, հայտնում է Daily Mail-ը։
Տուժածներից մեկի խոսքով՝ հինգ հոգուց բաղկացած խումբը շրջապատված է եղել մոտ 50 թուրք երկրպագուներով։ Մեկ այլ ականատես Mail Sport պարբերականին հայտնել է, որ տեսել է, թե ինչպես են անգլիացի երկրպագուներից մեկին ձողով հարվածել։
Հարձակումը տեղի է ունեցել Grand Հիսար հյուրանոցի մոտ՝ Թաքսիմ հրապարակից ոչ հեռու, որտեղ 2000 թվականին ՈւԵՖԱ-ի գավաթի կիսաեզրափակչից առաջ Ստամբուլի «Գալաթասարայի» երկրպագուները սպանել էին «Լիդս Յունայթեդի» երկու երկրպագուների:
«Մի մարդ գալիս էր իմ հետևից՝ ձևացնելով, թե ուզում է օգնել, իսկ հետո հարվածեց ծնոտիս», — պատմել է տուժածը:
Հարձակման տեսանյութը հայտնվել է Boğaz Holiganları («Բոսֆորի խուլիգաններ») անունով «Ֆեներբահչեի» ֆանատների խմբավորման սոցիալական ցանցերում: Հրապարակման մեջ ներկայացված են նաև նամակագրության սքրինշոթերը, որտեղ անգլիացի երկրպագուներից մեկը վիրավորական մեկնաբանություններ է անում և մարտահրավեր նետում՝ նշելով իր գտնվելու վայրը:
Մեկ այլ հրապարակման մեջ խուլիգանները խմբի լուսանկարը տեղադրել են քաղաքի փողոցներում, ոմանք՝ մոտոցիկլետներով և «Առաջին հարվածից․․․ հիմա Մանչեստրն իսկապես ԿԱՐՄԻՐ է» մակագրությամբ։
«Բոսֆորի խուլիգանների» տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Պատասխանը տրվում է նրանց, ովքեր վիրավորում են մեր կրոնական և ազգային արժեքները և քննադատում մեզ»: