ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Կազանում տեղի ունեցող ԲՐԻԿՍ+ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույցներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։
Մասնավորապես, վարչապետը մտքեր է փոխանակել ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի, Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Աբդալլա բեն Զայիդ Ալ Նահայանի հետ:
Նշվում է, որ անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերություններին ու միջազգային նշանակության հարցերին։
ԲՐԻԿՍ երկրների գագաթնաժողովը պետությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվում է Կազանում հոկտեմբերի 22-24-ը: Կազմակերպության նախագահի պաշտոնը 2024 թվականի հունվարի 1-ից զբաղեցնում է Ռուսաստանը` արդարացի գլոբալ զարգացման և անվտանգության համար բազմակողմանիության ամրապնդման կարգախոսի ներքո:
ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը ստեղծվել է 2006-ին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից, 2011-ին Հարավային Աֆրիկայի Հանրապետությունն է ընդգրկվել կառույցում:
2024 թվականի սկզբից ԲՐԻԿՍ-ին միացել են նաև Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան։