ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է արդեն ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Այս մասին այսօր ԲՐԻԿՍ 16-րդ գագաթնաժողովի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նշել է, որ արդեն լիովին համաձայնեցվել են միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, փոխադարձ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չառաջադրելու պարտավորության վերաբերյալ ձևակերպումները՝ ուժի և սպառնալիքի չկիրառման, ներքին գործերին չմիջամտելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու սկզբունքով:
«Առաջարկում ենք Ադրբեջանին արդեն ստորագրել խաղաղության պայմանագիրը, որը կլուծի բոլոր սկզբունքային հարցերը` խաղաղության ու հարաբերությունների կարգավորման ամուր հիմքեր ստեղծելու համար»,– ասել է նա։
Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձել է նաև ՀՀ կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու նշել, որ դրա իրագործման դեպքում Հայաստանն ի վիճակի կլինի ապահովել իր տարածքով բեռների անցման անվտանգությունը։
«Բոլոր այն պնդումները, թե Հայաստանը ինչ-որ ձևով համաձայնել է, որ երրորդ երկիրն ապահովի հաղորդակցությունների անվտանգությունն իր ինքնիշխան տարածքում, կամ որ դա նշված է ինչ-որ փաստաթղթում, չեն համապատասխանում իրականությանը»,– հավելել է նա։
Նրա խոսքով` նախագծի էությունն այն է, որ Հայաստանը պատրաստ է և շահագրգռված է իր տարածքով տրանսպորտային միջոցների, բեռների, ուղեւորների, խողովակաշարերի և մալուխային ուղիների անցման կազմակերպմամբ:
«Սա ամենակարճ ճանապարհն է Սև ծովի և Պարսից ծոցի միջև Իրանի, Հայաստանի և Վրաստանի տարածքներով։ Եվ սա նաև ամենակարճ ճանապարհն է Կասպից և Մարմարա ծովերի միջև Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի տարածքներով»,– ասել է նա։
ՀՀ վարչապետը նաև նշել է, որ Երևանը Բաքվին առաջարկել է սահմանային և մաքսային հսկողության պարզեցված ընթացակարգերի մեխանիզմներ Նախիջևանի հետ կապի համար:
Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը միանգամայն իրատեսական է։ Նա միաժամանակ նշել է, որ այդ փաստաթղթի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։
ՀՀ ԱԳՆ–ն օգոստոսի 7-ին հայտնեց, որ խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը։
Հայաստանն Ադրբեջանին բազմիցս առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի նախագծի 16 կետից 13–ը, իսկ հետո վերջնական տեսքի բերել ու համաձայնության գալ մյուս 3 կետի շուրջ։ Բաքուն մերժել է։