ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Օտարերկրյա պետություններում կազմակերպված և ՀՀ–ում համապատասխան լիցենզիա չունեցող ինտերնետ շահումով խաղերի կայքերը կարգելափակվեն մեր երկրում։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց, որ լինելու է միջգերատեսչական հանձնաժողով, որտեղ ներգրավված են լինելու տարբեր կառույցների ներկայացուցիչներ։ Նրանք կարձանագրեն այն կայքերը, որոնք մեր երկրի ինտերնետային տիրույթում հասանելի են և կարող են ռիսկեր առաջացնել։
Նախարարի խոսքով` այս հանձնաժողովը նշված կայքերի հասցեները կտրամադրի ինտերնետ հասանելիություն ապահովող օպերատորներին, և նրանք կարգելափակեն դրանք։
«Եթե քաղաքացին մուտք գործի այդպիսի կայք, նա ավտոմատ կուղղորդվի ՀՀ ֆինանսների նախարարության կայքում բացված հատուկ էջ, որտեղ կասվի` դուք մուտք եք գործել վտանգավոր և չթույլատրված կայք»,– նշեց նախարարը։
Նա ավելացրեց, որ «Ազդարար» համակարգում կհրապարակվեն այն բոլոր կայքերը, որոնք արգելափակման ենթակա կլինեն։ Հովհաննիսյանի տվյալներով` դրանց թիվը 1000–ից անցնում է, այս տվյալը հետագայում թարմացվելու է։