Իսրայելը տարածաշրջանի ճգնաժամը նոր մակարդակի հասցրեց՝ հարձակվելով Լիբանանի վրա. Էրդողան

Թուրքիայի նախագահ
Թուրքիան կոչ է արել հնարավորինս շուտ դադարեցնել Մերձավոր Արևելքի արյունահեղությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը՝ հատելով ողջամտության բոլոր շրջանակները, ավելին` նա Մերձավոր Արևելքի ճգնաժամը նոր մակարդակի է հասցրել՝ հարձակվելով Լիբանանի վրա։ Այս հայտարարությունն արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կազանում ԲՐԻԿՍ 16-րդ գագաթնաժողովի լիագումար նիստի ժամանակ։
Նրա խոսքով՝ արդար աշխարհակարգի և կայուն զարգացման կառուցումը հնարավոր է միայն սահմաններին կայունություն և անվտանգություն ապահովելու միջոցով:
«Ճգնաժամի լուծումը հնարավոր է միայն Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով պաղեստինյան պետության ձևավորման հիման վրա։ Իսրայելին առանց որևէ պայմանի զենք–զինամթերքով աջակցելը միայն կուժեղացնի ճգնաժամն ու անկայունությունը», - ասել է նա։
Թուրքիայի ղեկավարը նշել է` Անկարան նախաձեռնություն է սկսել, որպեսզի դադարեցվի զենքի վաճառքը Իսրայելին, և այս հարցում ակնկալում է միավորման անդամ երկրների աջակցությունը: Նա միաժամանակ նշել է, որ Անկարան կոչ է անում հնարավորինս շուտ դադարեցնել Մերձավոր Արևելքի արյունահեղությունը։
Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում հրթիռակոծել հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում)` «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
Իսրայելը նշում է, որ ռազմական արշավի գլխավոր նպատակն է պայմաններ ստեղծել հյուսիսի 60 հազար բնակիչների վերադարձի համար, որոնք մեկ տարի առաջ տարհանվել են «Հզբոլլահի» կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն աջակցելու համար սկսված գնդակոծությունների պատճառով:
Իրավիճակը կրկին սրվեց սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում կապի միջոցների զանգվածային պայթյուններից հետո, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ մահացան, շուրջ 3 հազար քաղաքացիներ վիրավորվեցին: Ավելի ուշ իսրայելական ավիացիան հարվածեց Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքին, ինչի հետևանքով մահացավ ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ «Հզբոլլահի» հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Իբրահիմ Աքիլը:
Շիա զինյալներն ի պատասխան հարձակվեցին Իսրայելի ՌՕՈւ «Ռամաթ-Դավիդ» բազայի և Հայֆայի հյուսիսում գտնվող «Ռաֆայել» ռազմարդյունաբերական համալիրի վրա: Մի քանի հրթիռ պայթեց Հայֆայի բնակելի թաղամասերում։