ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ԱՄՀ-ն և իրավապաշտպան կազմակերպությունները կորցրել են արդյունավետությունը՝ իրենց աշխատանքին Արևմուտքի միջամտության պատճառով։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԲՐԻԿՍ+ գագաթնաժողովի կլոր սեղանի ժամանակ:
«ԲՐԻԿՍ– ը և ԲՐԻԿՍ+–ը պետք է մշակեն և իրականացնեն թափանցիկ, արդար, ներառական և ոչ խտրական սկզբունքներ համագործակցության, բազմակողմ առևտրի թափանցիկ մեխանիզմ ստեղծելու համար` հատուկ ուշադրություն դարձնելով Գլոբալ Հարավին և զարգացող երկրներին», - ասել է նա:
Փեզեշքիանը նշել է` Թեհրանը համոզված է, որ տարածաշրջանային և միջազգային ճգնաժամերը չեն կարող լուծվել առանց համատեղ ջանքերի: Հետևաբար, Իրանը միշտ ձգտել է ստեղծել առևտրային հարաբերությունների խելացի ցանցեր և ջանքեր գործադրել միջազգային համագործակցության ամրապնդման համար:
Նրա խոսքով՝ բոլոր միջազգային նորմերի և մարդու իրավունքների խախտմամբ միակողմանի պատժամիջոցների կիրառումը սպառնալիքի տակ է դրել միջազգային նորմերը, իսկ զարգացման շատ գործընթացներ խնդիրների են բախվել ԱՄՆ-ի և արևմտյան երկրների քաղաքական չարության հարկադրանքի և սահմանափակող միջոցների պատճառով:
Նա պարզաբանել է, որ անօրինական պատժամիջոցները կործանարար ազդեցություն են ունենում և խոչընդոտում են երկրների հասանելիությունն իրենց ֆինանսական ռեսուրսներին՝ դժվարացնելով նրանց արդյունավետ մասնակցությունը միջազգային համագործակցության գործընթացներին:
ԲՐԻԿՍ երկրների գագաթնաժողովը պետությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվում է Կազանում հոկտեմբերի 22-24-ը: Կազմակերպության նախագահի պաշտոնը 2024 թվականի հունվարի 1-ից զբաղեցնում է Ռուսաստանը` արդարացի գլոբալ զարգացման և անվտանգության համար բազմակողմանիության ամրապնդման կարգախոսի ներքո:
ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը ստեղծվել է 2006-ին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից, 2011-ին Հարավային Աֆրիկայի Հանրապետությունն է ընդգրկվել կառույցում:
2024 թվականի սկզբից ԲՐԻԿՍ-ին միացել են նաև Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան։