ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ–ում ավտովթարի ենթարկված գորշ արջը ստացել է անհրաժեշտ բուժումը, արդեն լավ է և վերադարձվել է վայրի բնություն։ Լուրը հայտնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)։
Մոտ 1 ամիս առաջ վթարի ենթարկված արջը բուժվում էր FPWC-ի Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC)։ Կենդանին պատվաստվել է, ստուգվել է կատաղության ու այլ հիվանդությունների առկայությունը։
«Արջը հաջողությամբ ազատ է արձակվել հայկական լեռներում»,– ասված է հաղորդագրությունում։
Ի դեպ, հիմնադրամից հայտնում են, որ արջին անվանել էին Ռիքի՝ ի պատիվ կատակերգու Ռիքի Ջերվեյսի։