ՀԱՄԱՍ–ը պատրաստ է ազատ արձակել 2 ռուսաստանցիներին՝ ի նշան Պուտինի հանդեպ հարգանքի. RT

Մուսա Աբու Մարզուկ
Նրանցից մեկը Խարկինն է, որի ընտանիքը Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել, որպեսզի ՀԱՄԱՍ-ն ազատ արձակի նրան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է առաջնահերթ կարգով ազատ արձակել Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող 2 պատանդներին, բայց Իսրայելի հետ փոխանակման գործարքի շրջանակում: RT-ի հետ զրույցում այդ մասին ասել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի փոխղեկավար Մուսա Աբու Մարզուկը:

«Ռուսական կողմը խնդրել է ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի մոտ գտնվող երկու գերիներին։ Նրանք խնդրել էին ազատ արձակել 4-ին, որոնցից 2-ը խաղաղ քաղաքացիներ էին, և մենք նրանց ազատ ենք արձակել անհատույց, մյուս երկուսը զինվորականներ են»,- ասել է Մարզուկը։

Նրա խոսքով՝ այժմ Ռուսաստանի երկու քաղաքացիները Գազայում են, գտնվում են ՀԱՄԱՍ-ի մոտ։ Նրանցից մեկը Ալեքսանդր Տրուֆանովն է, որն ունի և՛ Իսրայելի, և՛ Ռուսաստանի քաղաքացիություն:
«Նա բանակի սպա է, գերի է վերցվել մարտերի ժամանակ և գտնվում է «Իսլամական ջիհադի» մոտ։ Եվ, բնականաբար, նրան կփոխանակեն Իսրայելի տարածքում գտնվող պաղեստինցի բանտարկյալների հետ», - ասել է Մարզուկը։
Նա հավելել է, որ Ռուսաստանի մյուս քաղաքացին Մաքսիմ Խարկինն է:
«Մաքսիմ Խարկինն ուկրաինացի է․ գերի վերցնելու պահին նա Ռուսաստանի քաղաքացի չի եղել։ Նրա ընտանիքը եկել է Ռուսաստան և քաղաքացիություն ստացել, որպեսզի ՌԴ-ն միջնորդի նրան ազատ արձակել։ Բայց նա քաղաքացիական անձ չէ, այլ զինվորական, ծառայել է Իսրայելի բանակում», - ասել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի փոխղեկավարը։
Նա նշել է, որ որպես ռուս գործընկերների նկատմամբ հարգանքի ժեստ՝ այս երկու գերիներն առաջնահերթ ազատ կարձակվեն։
2024 թվականի ապրիլին հաղորդվել էր, որ ՀԱՄԱՍ-ի գերության մեջ Ռուսաստանի երեք քաղաքացի կա՝ Ալեքսանդր Տրուֆանովը, Ալեքսանդր Լոբանովը և Անդրեյ Կոզլովը։ Վերջինը հունիսին ազատվել էր ՑԱԽԱԼ-ի զինվորների կողմից, իսկ Լոբանովը սպանվել էր։
Իսրայելի տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ի գերության մեջ է եղել 101 մարդ, որոնցից 35-ը համարվում են մահացած: