Տիեզերական հետազոտությունների «Բազումք» հայկական լաբորատորիան քննարկումներ է սկսել տեղական ինժեներական ընկերությունների հետ՝ հայկական ուսումնական արբանյակի նոր մոդելը հավաքելու համար:
«Հայասաթ-1»-ը՝ լաբորատորիայում հավաքված առաջին արբանյակը, հաջողությամբ ուղեծիր է դուրս բերվել (մոտ 550 կմ բարձրության վրա) 2023 թվականի դեկտեմբերին, 5 տարի ծառայության ժամկետով։ Այն պատկանում է փոքր խորանարդաձև արբանյակների դասին (cubesat), կշռում է ընդամենը մոտ մեկ կիլոգրամ և սակավաթիվ սարքերով է հագեցած, քանի որ ամեն դեպքում ուսումնական մոդել է։
Սա Հայաստանում ստեղծված առաջին արբանյակն է, քանի որ «ArmSat»-ը, որը գործարկվել է 2022 թվականի մայիսին, արտադրվել էր Իսպանիայում (թեև Հայաստանի կառավարության պատվերով)։
Իր երկրորդ արբանյակի չափորոշիչները «Բազումքը» դեռ չի հստակեցրել. միայն չափը մեծացնելու և սարքի «միջուկն» ընդլայնելու մտադրությունն է հաստատ։ Թե որքանով՝ կախված է նրանից, թե ինչ սարքավորումներ կարող են առաջարկել տեղական մշակողները:
«Հայաստանում սարքավորումներ մշակողներ կան, բայց ամեն մեկն իր բավականին նեղ ուղղվածությունն ունի, որը չի ապահովում այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է։ Քննարկումներ ենք սկսել գործընկերների հնարավորինս լայն շրջանակի հետ, որպեսզի մեր նոր մոդելում հնարավորինս շատ տեղական տեխնիկա լինի»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Բազումք» լաբորատորիայի համահիմնադիր և տնօրեն Ավետիք Գրիգորյանը։
Նոր արբանյակի նախագծի կազմումը կարող է մի քանի ամիս տևել, արձակումը՝ ևս մեկ ու կես տարի։ Գրիգորյանի խոսքով՝ առայժմ որևէ բան ավելի հստակ ասել հնարավոր չէ, քանի որ նախագիծը նախնական փուլում է։
Սակայն մի բան կարելի է հաստատ ասել՝ ուղեծիր դուրս բերելու հարցում խնդիրներ չեն լինի․ «Space X» կորպորացիան, որն իր Falcon 9 հրթիռով արձակել է «Հայասաթ-1»-ը, Գրիգորյանի խոսքով` տեղ է խոստացել նաև նոր արբանյակի համար, երբ այն պատրաստ լինի։
Բայց արբանյակի համար անհրաժեշտ գլխավոր ռեսուրսը, իհարկե, մասնագետներն են։ Այստեղ գործերը թեկուզև դանդաղ, բայց լավանում են։
Անցյալ տարի Երևանի ինժեներական քաղաքում բացվեց օդատիեզերական ճարտարագիտության ուղղվածությամբ մագիստրատուրա: Բայց ուսանողները ստիպված են զրոյից սովորել այս առարկաները. ո՛չ բակալավրիատում (նույնիսկ տեխնիկական համալսարաններում ու ֆակուլտետներում), ո՛չ էլ նույնիսկ դպրոցում չեն սովորեցնում աերոդինամիկայի գոնե հիմունքները, մթնոլորտի և դրա շերտերի հատկությունները և այլն: Այդ պատճառով այս տարի մագիստրատուրայի առաջին կուրսեցիների համար ներածական դասընթաց կանցկացնեն։
Իսկ երկրորդ կուրսեցիներն արդեն լաբորատորիայում պրակտիկա են անցնում, ճիշտ է՝ առայժմ չվարձատրվող։ «Բազումքը» ոչ առևտրային նախագիծ է և ֆինանսավորվում է մասնավոր դոնորների միջոցներով (իսկ դոնորները շատ չեն)։
Ուստի ընդունակ ուսանողներին կորցնելու ռիսկը միշտ կա․ երկու տարի այդքան կարևոր մասնագիտություն սովորելուց հետո նրանք ստիպված կլինեն գումար վաստակելու համար տեղափոխվել ՏՏ ընկերություններ։
«Իհարկե, լուրջ խնդիր է, և մենք միայնակ չենք կարող այն լուծել։ Պետք է բավականաչափ ընկերություններ և նախագծեր լինեն»,-հավելեց Գրիգորյանը։
«Բազումք» լաբորատորիայի տաղավարը ներկայացված էր հոկտեմբերի սկզբին Երևանում անցկացված «Գիտության շաբաթ» փառատոնին։