Հայաստանի 270 բնակավայրի 75 % փոխհատուցում կտրվի կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար

Գևորգ Պապոյանի խոսքով` մեկ հեկտարի հաշվով` կարկտապաշտպան ցանցի կառուցումը կկազմի 12.1 մլն դրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ 270 բնակավայր 75 % փոխհատուցում կստանա կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով` այս 270 բնակավայրն առանձնացվել են որպես կարկտի առավել ակտիվ գոտիներ, որտեղ հիմնականում չեն զբաղվում ինտենսիվ այգեգործությամբ նույնիսկ ոռոգման ջրի առկայության պարագայում։ Բացի այդ, ըստ նրա, այս բնակավայրերում սովորաբար աղքատության մակարդակը բարձր է, իսկ զբաղվածության մակարդակը` ցածր։
«Այնտեղ կարող էր աճել դեղձ, սալոր, խնձոր, որոնց գինը կարող էր լինել 300–500 դրամ, և 1 հա–ի դեպքում կարող է ապահովվել մինչև 10–25 մլն դրամի եկամուտ։ Փոխարենը տեսնում ենք, որ գյուղացին ցորեն է ցանում, որից եկամուտը 1 հա–ի դեպքում կազմում է 60–70 հազար դրամ։ Պատճառն այն է, որ այս բնակավայրերում տարվա ընթացքում մի քանի անգամ տեղում է աղետաբեր կարկուտ ու բերք չի լինում։ Լուծումը միայն կարկտապաշտպան ցանցերն են»,– հայտարարեց Պապոյանը։
Տնտեսվարողների համար, ըստ այդմ, կարկտապաշտպան ցանցերի ներդրումը հասանելի դարձնելու համար բացի գործող աջակցության վարկային բաղադրիչից` փոքր գյուղացիական տնտեսությունների 0.5–3 հա տարածքի կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար կկիրառվի ծախսերի մասնակի փոխհատուցման բաղադրիչ։
Սյունիքի մարզի և Ճամբարակի կարկտահարված տարածքներում հակակարկտային կայաններ չկան. մասնագետ
Նախարարի խոսքով` մեկ հա–ի հաշվով կարկտապաշտպան ցանցի կառուցումը կազմում է 12.1 մլն դրամ։
«Սա նշանակում է, որ ընդամենը 3 մլն դրամի ներդրում պետք է անի գյուղացին, մնացած 9 մլն դրամ ներդրումն անում է ՀՀ կառավարությունը»,– ընդգծեց Պապոյանը։
Կապալառուի և շահառուի միջև կնքված պայմանագրի համաձայն` գյուղացին այս ծրագրից օգտվելու դեպքում 5 տարի չի կարող օտարել այգին։
Գազագեներատորային հակակարկտային կայանքները արդյունավետ չեն․ ինչ են առաջարկում մասնագետները