ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբեր — Sputnik. ԲՐԻԿՍ–ն իր ներուժով կարող է մոտեցնել հավաքական Արևմուտքի գերիշխանության պատմության ավարտը: Այս հայտարարությունն արել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Կազանում ԲՐԻԿՍ+ ձևաչափով քննարկումների ժամանակ։
Նրա խոսքով՝ Արևմուտքը ցուցադրեց, որ չի կարող պատասխանատվություն կրել միջազգային հարաբերությունների քաղաքակիրթ զարգացման համար։
Ըստ նրա` ԲՐԻԿՍ–ի մասնակից պետությունների ուժերի շնորհիվ պետք է այնպես անել, որ ազդեցության իրական լծակներն անցնեն առաջադեմ համաշխարհային մեծամասնության ձեռքը։
ԲՐԻԿՍ երկրների գագաթնաժողովը պետությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվում է Կազանում հոկտեմբերի 22-24-ը: Կազմակերպության նախագահի պաշտոնը 2024 թվականի հունվարի 1-ից զբաղեցնում է Ռուսաստանը` արդարացի գլոբալ զարգացման և անվտանգության համար բազմակողմանիության ամրապնդման կարգախոսի ներքո:
ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը ստեղծվել է 2006-ին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից, 2011-ին Հարավային Աֆրիկայի Հանրապետությունն է ընդգրկվել կառույցում:
2024 թվականի սկզբից ԲՐԻԿՍ-ին միացել են նաև Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան։