«Բա որտե՞ղ են այլմոլորակայինները». 75 տարի է՝ փորձում ենք պատասխանել Ֆերմիի այդ հարցին

Արդյոք կյանք կա՞ Եվրոպայում։ Քանի դեռ ինձ չեն մեղադրել անհեթեթ հարց հնչեցնելու մեջ, շտապեմ կոնկրետացնել, որ խոսքը Յուպիտերի մոլորակ Եվրոպայի մասին է, ուր ուղևորվել է Ֆլորիդայից մոտ 10 օր առաջ արձակված հրթիռը։
Sputnik
Այն փորձելու է պարզել հենց այդ հարցը՝ կա՞ արդյոք կյանք մշտապես ամպերով պատված այդ խորհրդավոր մոլորակում։
Ու միանգամից էլ ողջ աշխարհում կրկին աշխուժացավ 75-ամյա վիճաբանությունը այլմոլորակայինների մասին։ Վեճի առարկան շատ հակիրճ ձևակերպել է Երկրորդ աշխարհամարտից առաջ Ամերիկա ներգաղթած իտալացի գիտնական Էնրիկո Ֆերմին՝ Լոս Ալամոսի լաբորատորիայի սրճարանում գործընկերների հետ այլմոլորակայինների թեմայի շուրջ թեժ քննարկման ժամանակ հնչեցնելով մի պարզագույն հարց. «Բա որտե՞ղ են նրանք»։
Գիտնականները պնդում են՝ Կոլումբոսը հրեա էր. թերահավատները հակադարձում են՝ դա վարկած է
Իսկապես, ըստ այսօր հայտնի գիտական տվյալների, տիեզերքը մոտ 14 միլիարդ տարեկան է և տարածվում է գրեթե 100 միլիարդ լուսային տարի հեռավորության վրա։ Գալակտիկաների թիվը գերազանցում է 100 միլիարդը, ընդ որում, միայն մեր՝ Ծիր կաթին գալակտիկայում կա 100-ից 400 միլիարդ աստղ, որոնցից շատերի շուրջը բազմաթիվ մոլորակներ են պտտվում, այսինքն, այլ քաղաքակրթությունների գոյության հավանականությունը պարզապես հսկայական է։ Ուրեմն Ֆերմիի հարցը ավելի քան տրամաբանական է՝ բա որտե՞ղ են այդ այլմոլորակայինները։
Մի կողմ դնենք ավանդական հեգնական պատասխանները՝ ինչպե՞ս թե որտեղ են՝ վաղուց արդեն այստեղ են, մեր շրջապատում են, մեր խորհրդարանում էլ նստած են…Կամ՝ ի՞նչ գործ ունեն զարգացած քաղաքակրթությունները մեզ պես վայրենիների հետ, որոնք ոչնչացնում են միմյանց։ «Վաշինգտոն փոստ» օրաթերթը վերջերս ամփոփել է այն գիտական վարկածները, որոնք ծագել են 75 տարվա ընթացքում։
Եվ այսպես՝ վարկած թիվ մեկ. ժամանակ և տարածություն։ Քանզի տիեզերքը շատ ծեր է, չի բացառվում, որ տարբեր քաղաքակրթություններ ուղղակի չեն հասցնում հատվել ժամանակային առումով։ Այսինքն, մինչև մեկը զարգանում ու ձևավորվում է, մյուսն արդեն անհետանում է։ Երկրորդ գործոնը տարածությունն է։ Նույնիսկ Երկրին ամենամոտ՝ Կենտավրոսի Ալֆա աստղային համակարգը գտնվում է մեզնից գրեթե 4,5 լուսատարի հեռավորության վրա։ Է, մինչև մենք կկարողանանք ստեղծել աստղագնաց, որը սուրա լույսի արագությամբ, և հասնենք այդ Կենտավրոսին, էնտեղ, ինչպես ասում են, մարդ չի մնա։
Վարկած թիվ երկու, կամ լռակյաց քաղաքակրթությունների հիպոթեզ։ Կներե′ք, իսկ ինչո՞ւ ենք մենք համոզված, որ այլ քաղաքակրթություններին շատ մեծ հաճույք կպատճառի մեզ հետ շփվելը։ Միգուցե հենց հիմա էլ հետևում են մեզ ու մտածում՝ այս խելագարները, որոնք միմյանց հետ էլ չեն կարողանում լեզու գտնել, մեզ որ հաստատ կկոտորեն։ Ավելի լավ չի՞ ընդհանրապես ձայն չհանենք, շարունակենք ըմբոշխնել մեր հանգիստ ու բարկեցիկ կյանքը, իսկ իրենք թող շարունակեն սպանել միմյանց և ապականել իրենց մոլորակը։
Վարկած թիվ երեք՝ կյանքը եզակի երևույթ է։ Այս տեսության ջատագովները համոզված են, որ կյանքն ընդհանրապես շատ հազվադեպ երևույթ է ողջ տիեզերքում։ Եվ բոլորովին այնպես չի, որ կյանքն անպայման առաջանում է այն մոլորակներում, որտեղ դրա համար բարենպաստ պայմաններ կան։ Մենք, ախր, մինչև հիմա չենք կարող ստույգ ասել, թե հատկապես որ գործոնների համադրությունն է հանգեցրել կյանքի առաջացմանը մեր երկնագույն մոլորակում։ Իհարկե, եթե մերձակայքում ունենայինք մի մոլորակ-լաբորատորիա, որտեղ կարող էինք գիտափորձեր անցկացնել, միգուցե վերջապես հասկանայինք, թե ինչպես է ծնվում կյանքը։ Բայց երևի նաև շատ լավ է, որ չունենք՝ ո′վ է մեզ իրավունք տվել փորձարկումներ անել այլ մոլորակներում։
Երրորդ աշխարհամարտի մասին լուրերը խիստ չափազանցված են. բոլոր կողմերը բավարարված են ու գոհ
Վարկած թիվ չորս՝ տիեզերական աղետներ։ Գոնե առայժմ մենք չենք կարող բացառել, որ նույնիսկ զարգացած քաղաքակրթությունները չեն ոչնչանում ապոկալիպտիկ իրադարձությունների հետևանքով։ Հազար ու մի բան կարող է պատահել՝ գամմա ճառագայթում կամ այլ արտանետում, գերնոր աստղերի պայթյուն, հսկա երկնաքարերի բախում։ Չէ՞ որ այսօր էլ գիտնականները պնդում են՝ հազիվ ենք պրծել, երբ 66 միլիոն տարի առաջ հսկա աստերոիդն ընկել է Երկրի վրա և վերացրել ոչ միայն դինոզավրներին, այլև կենդանի էակների և բուսականության երկու երրորդը։ Բա որ շատ ավելի մե՞ծ լիներ այդ երկնաքարը՝ մեր մոլորակը միգուցե ընդհանրապես չկարողանար երբևէ ուշքի գալ։ Մենք էլ չէինք լինի։ Կամ կլինեինք, բայց, ասենք, բանական կենգուրուի կամ ընձուղտի տեսքով։
Եվ վերջապես՝ հինգերորդ տեսությունը, որն ամենաառեղծվածայինն է և կոչվում է՝ Մեծ ֆիլտր։ Իմաստը երևի հասկանում եք. ցանկացած քաղաքակրթության զարգացման ճանապարհին պարտադիր լինում է ինչ-որ անհասկանալի օրհասական փուլ, որը գրեթե անհնար է հաղթահարել։ Մի′ հարցրեք, թե դա ինչ է՝ գիտնականները չեն մանրամասնում, բայց և չեն բացառում նման ֆիլտրի գոյությունը։ Այս վարկածի հետ կապված կա մի լավ և մի վատ հանգամանք։ Սկսեմ լավից՝ քանի մենք կանք, ուրեմն համենայնդեպս մինչև հիմա այդ ֆիլտրը չի գործել։ Ու սրանով էլ ավարտեմ։