Ավտովթար Երասխ-Երևան ճանապարհին․ 3 անձ հոսպիտալացվել է

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաներից մեկը, փակել գազի բալոնի փականը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik․ Երասխ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել, որի հետևանքով 3 անձ հոսպիտալացվել է։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ վթարի մասին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այսօր՝ ժամը 17:12-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Երասխ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին բախվել են «Ford» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 2002 թ․) և «Honda» (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված 1973 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ «Honda» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Հ․ Ա․-ն, Ս․ Գ․-ն և ևս մեկ տուժած հոսպիտալացվել են»,-նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարարները հոսանքազրկել են «Honda» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղևորներից մեկին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։