ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Լիբանանի ավելի քան 800 հազար բնակիչ ստիպված են եղել լքել իրենց տները «Հզբոլլահ» շարժման և Իսրայելի միջև հակամարտության և Մերձավոր Արևելքում իրավիճակի սրացման պատճառով։ Այս մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, հայտնել է Լիբանանում ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման վարչության ներկայացուցչությունը։
«2023 թվականի հոկտեմբերի 8-ից ներքին տեղահանման է ենթարկվել 809 043 անձ, որոնցից 52%–ը կանայք են, 48%–ը` տղամարդիկ», – նշվում է զեկույցում։
Միջազգային կազմակերպության տվյալներով` մոտ 191,9 հազար մարդու ժամանակավոր տեղավորել են 1,1 հազար կացարաններում, 901 նման կենտրոն (կամ 82 տոկոսը) արդեն ամբողջությամբ զբաղված է։
ՄԱԿ–ի վարչությունը հայտնել է, որ շուրջ 425 հազար փախստական լքել է Լիբանանը սեպտեմբերի վերջին «Հզբոլլահ» շարժման դեմ Իսրայելի կողմից սկսած ռազմական գործողություններից հետո։
«ՄԱԿ–ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության և Սիրիայի Կարմիր մահիկի միության տվյալներով` Լիբանանից Սիրիա սահմանը հատել է մոտ 425 հազար մարդ», – ասվում է զեկույցում։
Կազմակերպությունը նշում է, որ ևս 16,7 հազար լիբանանցի Իրաք է ժամանել։
Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում հրթիռակոծել հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում)` «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
Իսրայելը նշում է, որ ռազմական արշավի գլխավոր նպատակն է պայմաններ ստեղծել հյուսիսի 60 հազար բնակիչների վերադարձի համար, որոնք մեկ տարի առաջ տարհանվել են «Հզբոլլահի» կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն աջակցելու համար սկսված գնդակոծությունների պատճառով:
Իրավիճակը կրկին սրվեց սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում կապի միջոցների զանգվածային պայթյուններից հետո, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ մահացան, շուրջ 3 հազար քաղաքացիներ վիրավորվեցին: Ավելի ուշ իսրայելական ավիացիան հարվածեց Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքին, ինչի հետևանքով մահացավ ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ «Հզբոլլահի» հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Իբրահիմ Աքիլը:
Շիա զինյալներն ի պատասխան հարձակվեցին Իսրայելի ՌՕՈւ «Ռամաթ-Դավիդ» բազայի և Հայֆայի հյուսիսում գտնվող «Ռաֆայել» ռազմարդյունաբերական համալիրի վրա: Մի քանի հրթիռ պայթեց Հայֆայի բնակելի թաղամասերում։