ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik․ Այսօր Արարատի մարզի Խաչփար գյուղում առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել։ Սպանվածը 44 տարեկան տղամարդ է, կասկածյալը` 46 տարեկան կին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժինը ժամը 12:00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Խաչփար գյուղի տներից մեկում տղամարդու դի կա:
Մասիսի շտապօգնության կայանից բժիշկների հերթապահ խումբ է մեկնել Խաչփար գյուղի 22-րդ տուն, որտեղ դռան մոտ հայտնաբերել են արնաշաղախ տղամարդու մարմին:
«Ոստիկանները պարզել են, որ մահացածը նշված գյուղի բնակիչ 44–ամյա Վարդան Ա.-ն է, որի պարանոցի հատվածում դատաբժիշկը հայտնաբերել է խոհանոցային դանակ, մարմնի վրա էլ՝ սուր կտրող-ծակող առարկայի հարվածի մի քանի հետքեր»,- գրում է կայքը։
Տեղում 46-ամյա կինը բժիշկներին հայտնել է, որ տղամարդը ինքնասպանություն է գործել։ Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղի ունեցածը սպանություն է, և կնոջը սպանություն կատարելու կասկածանքով տեղափոխել են ոստիկանության Մասիսի բաժին:
Տեղում աշխատել է նաև փորձաքրեագետը: Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի սպանություն հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Սպանության մեջ կասկածվող Սյուզաննա Պ.-ն տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզայի քննչական վարչության Մասիսի քննչական բաժին: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Հանցագործության գործիք դանակը քննիչն առգրավվել է: