ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանից ոսկու վերարտահանման ծավալները շարունակում են զգալի մնալ, բայց այժմ այդ ոսկին նաև մշակվում է երկրի ներսում, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին։
Նախարարը պարզաբանեց, որ թանկարժեք մետաղների արտահանման համար շուկայական արժեքի 0,8–1 %-ի չափով սահմանված մաքսատուրքի պատճառով Հայաստան ներմուծվող ոսկու ձուլակտորները սկսել են մշակել երկրի ներսում, ինչը համապատասխան տնտեսվարողներին ազատում է այդ վճարներից:
Պապոյանը հավելեց, որ այդ գործընթացի արդյունքում նոր աշխատատեղեր են ստեղծվել։
«Եվ դա տվել է արդյունք։ Արտահանման աճ ենք արձանագրում թե՛ պատրաստի արտադրանքի, թե՛ կիսաֆաբրիկատների մասով», - ասաց Պապոյանը։
Ավետիսյանի հարցին, թե ովքեր են այդ բիզնեսի սեփականատերերը և արդյոք նրանք կապ չունե՞ն կառավարության հետ, Պապոյանը պատասխանեց, որ ինքը որևէ հովանավորչական սխեմայի մասին տեղյակ չէ։
«Ես չգիտեմ, թե ովքեր են սեփականատերերը, դա մեզ չի հետաքրքրում։ Իսկ եթե Ձեզ հետաքրքրում է, ապա նայեք Ձեր շուրջը, Ձեր խմբակցությունում, գուցե և գտնեք նրանց», – հակադարձեց Պապոյանը։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա վերջից Հայաստանի արդյունաբերությունում պահպանվում է երկնիշ աճ՝ ոսկու վերամշակման և դրանից ոսկերչական կիսաֆաբրիկատների արտահանման հաշվին (առավել մանրամասն ՝ այստեղ):