Թուրքիան և ՌԴ-ն լուծում են բանկային փոխանցումների խնդիրները. Էրդողանը՝ Պուտինին

Ռեջեփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը
Անկարայում Ռուսաստանի դեսպանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՌԴ և Թուրքիայի միջև փոխհաշվարկներում խնդիրները պահպանվում են, կան փոխանցումների արգելափակման և հաշիվների փակման դեպքեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարայի և Մոսկվայի համապատասխան գերատեսչությունները լուծում են բանկային փոխանցումների խնդիրները:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռուսաստանի հետ գործարքների պատճառով թուրքական բանկերը ճնշում են զգում ԱՄՆ-ի կողմից, պարբերաբար նախազգուշացումներ են ստանում վճարումների ուղարկման աղբյուրների խստագույն վերահսկողության անհրաժեշտության մասին: Անկարայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև փոխհաշվարկներում խնդիրները պահպանվում են, կան փոխանցումների արգելափակման և հաշիվների փակման դեպքեր, թուրքական բանկերում հաճախակիացել են դեպի Ռուսաստան ապրանքների տարանցմամբ զբաղվող ընկերությունների դուրսմղման դեպքերը:
«Ինչ վերաբերում է բանկային փոխանցումներին, ապա մեր գերատեսչությունները լուծում են այդ խնդիրները», այսօր Կազանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Նշենք, որ հոկտեմբերի 23-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին:
Հիշեցնենք, որ ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինն ավելի վաղ հայտարարել էր, որ ազգային և թվային արժույթների հիման վրա մեխանիզմի ստեղծումը կարող է լուծել Ռուսաստանի և Թուրքիայի միջև առկա բանկային խնդիրները: