Սա ապագա տարածքային զիջումների մասին է․ քաղաքագետը՝ սահմանազատման կանոնակարգի մասին

Դանիելյանի խոսքով՝ կանոնակարգը կարող է գործող իշխանության ապագա մեղադրանքը դառնալ, որովհետև Հայաստանի տարածքները վիճելի հարց դարձնելը պետական դավաճանություն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik․ Այս փաստաթուղթն ապագա տարածքային զիջումների մասին է, և այդ զիջումները կարող են լինել նաև Սյունիքում՝ միջանցքի տեսքով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ խոսելով Ադրեջանի և Հայաստանի միջև սահմանազատման պետական հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի մասին։
Նրա խոսքով՝ գործող իշխանության ներկայացուցիչներն անընդհատ թմբկահարում են, թե Պրահայում ստորագրել են մի փաստաթուղթ, որն Ալմա Աթայի հռչակագրի սկզբունքների մասին է։ Սակայն, ըստ քաղաքագետի, Ալմա Աթայի սկզբունքներում հստակություն չկա, խոսքն ընդհանուր սահմանների մասին է։ Բայց քաղաքագետը ևս մեկ հանգամանքի վրա է ուշադրություն հրավիրում․ ըստ կանոնակարգի՝ անգամ Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման ու սահմանագծման սկզբունք ընդունելը կարող է փոխվել։
Դանիելյանը վստահ է՝ Ադրբեջանն է այս կետը պնդել, ու Հայաստանը դրան համաձայնել է։ Այսինքն՝ հիմա, քանի դեռ Հայաստանը տարբեր հատվածներում զիջումների է գնում, Ալմա Աթայի հռչակագիրը դիտարկելն Ադրբեջանին հարմար է, այլ հատվածում Ադրբեջանը կարող է այլ փաստաթուղթ պահանջել։
«Այս փաստաթուղթը իրենց ապագա մեղադրանքն է լինելու, որովհետև իրենք համաձայնել են Ադրբեջանի հետ ու ստորագրել են սա, թե Ալմա Աթայի սկզբունքներով են սահմանազատումն ու սահմանագծումն անելու, բայց և համաձայնել են, որ հետագայում սկզբունքները փոխվեն։ Իսկ ի՞նչ սկզբունքներ են դրանք լինելու։ Եթե այնպիսի սկզբունքներ են, որ իրենց ասած Ալմա Աթայի հռչակագրից դուրս են գալիս, ուրեմն այստեղ պետական դավաճանության խնդիր կա։ Իրենք Հայաստանի տարածքները վիճելի հարց են դարձրել՝ Ադրբեջանի հետ պայմանագիր կնքելով»,- նշում է Դանիելյանը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 21–ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքի նախագծին, և այն մտել է ՀՀ ԱԺ` քննարկման ու քվեարկության։
Կանոնակարգը 7 հոդված ունի, դրանք հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկական տվյալներ են, ընդհանրական ձևակերպումներ։ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Կանոնակարգում նշվում է` հնարավոր է, որ խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո գործընթացն այլ սկզբունքներով ընթանա։