ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի տեղեկություններով՝ ԵՄ-ն լրջորեն դիտարկում է առաքելության մանդատի երկարաձգման հարցը։ Այս մասին ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարեց այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լիլիթ Մինասյանի հարցին։
Պատգամավորը նշել էր, որ Ադրբեջանի կողմից պարբերաբար քննադատություններ ու դժգոհություններ են հնչում Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքի վերաբերյալ։ Մինասյանը հետաքրքրվեց՝ կա՞ն արդյոք քննարկումներ ԵՄ առաքելության հետաձգման հետ կապված։
«Քանի դեռ մենք չունենք ստորագրված, վավերացված խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, քանի դեռ չունենք առաջ գնացող, եթե չասեմ՝ ավարտված սահմանազատման գործընթաց, կայունություն, երկարատև խաղաղություն, քանի դեռ մեր հարաբերությունները կարգավորված չեն և կան խնդիրներ, մենք ունենք մտավախություններ Ադրբեջանի հավանական գործողությունների վերաբերյալ»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում Հայաստանը երրորդ՝ չեզոք կողմի (այս դեպքում՝ ԵՄ դիտորդական առաքելության) օբյեկտիվ գնահատականների, սահմանի երկայնքով մշտադիտարկման և բոլոր կեղծ լուրերի փարատման կարիք ունի։
Հիշեցնենք` ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում տեղակայվեց 2022 թվականի հոկտեմբերին։ Դիտորդների կարգավիճակը մոտ է դիվանագիտական կարգավիճակին այն իմաստով, որ նրանք և նրանց ծառայողական գույքը (մեքենաներ, տեխնիկա և այլն) ենթակա չեն մաքսային զննման և Հայաստանում գրանցման ստանդարտ ընթացակարգերի:
ԵՄ երկրների արտգործնախարարները 2023-ի դեկտեմբերի 11-ին որոշեցին 50 տոկոսով ավելացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության թիվը՝ 138 աշխատակցից հասցնելով 209-ի: