Իսրայելը հարվածել է Լիբանանի տներից մեկին, որտեղ հոգեհանգիստ էր արվում. 19 մարդ զոհվել է

Իսրայելական հարվածներ Լիբանանում. Արխիվային լուսանկար
Գրեթե բոլոր զոհերը միևնույն ընտանիքի անդամներ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելական մարտական ինքնաթիռը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող Սայդայի շրջանի Թաֆահթա բնակավայրի տներից մեկին, որտեղ հոգեհանգստի արարողություն էր տեղի ունենում, 19 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով լիբանանյան աղբյուրին:
«Հարվածը դիպել է Էզեդին ընտանիքին պատկանող տանը։ Այդ պահին այնտեղ հոգեհանգստի արարողություն էր, 19 մարդ զոհվել է»,-նշել է գործակալության զրուցակիցը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ փրկարարական աշխատանքները շարունակվում են։
«Գրեթե հույս չկա, որ ավերակների տակ որևէ մեկը ողջ է մնացել, որովհետև որոշ մարմիններ մասնատվել են։ Դժվար է հաշվել, թե հստակ քանի մարդ է եղել տանը»,- ասել է նա։
Աղբյուրի խոսքով՝ գրեթե բոլոր զոհերը միևնույն ընտանիքի անդամներ են՝ ծնողներ, եղբայրներ, քույրեր և երեխաներ, ինչպես նաև մի քանի ընկերներ, որոնք եկել էին ցավակցություն հայտնելու։
Թաֆահթայից բացի այսօր ռմբակոծության են ենթարկվել Տիր քաղաքի կենտրոնը և Լիբանանի մի քանի սահմանապահ բնակավայրեր:
Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում է հարևան երկրի օդային ռմբակոծությունները, ինչի հետևանքով ավելի քան մեկ միլիոն քաղաքացի փախստական է դարձել: «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է վարում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
Վերջին տվյալներով՝ անցած տարվա հոկտեմբերից ի վեր Լիբանանի ուղղությամբ Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 2 530-ի։
Գրեթե մեկ ամսում Բեյրութ-Երևան չվերթով Հայաստան է ժամանել 870 մարդ․ Սինանյան