Ինչո՞ւ «Օսկարի» չուղարկվեց «1489»–ը. ԿԳՄՍ նախարարը` առաջիկա գործընթացների մասին

Ժաննա Անդրեասյանի խոսքով` ներկայացված տեղեկատվությունը բավարար է, որպեսզի նախարարությունն առնվազն պարզաբանումների և ընթացակարգի խախտումների վերաբերյալ համապատասխան գործընթաց նախաձեռնի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Ինչո՞ւ «Օսկար» մրցանակաբաշխությանը չուղարկվեց 44-օրյա պատերազմի մասին պատմող Շողակաթ Վարդանյանի` «1489» վավերագրական ֆիլմը։ Այդ մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
«Արդյոք նորմա՞լ է, որ ինչ–որ մի ՀԿ («Հայկական ազգային կինոկադեմիա» –խմբ.) իր անդամներից մեկի ֆիլմն ուղրակի «Օսկարի»»,– հետաքրքրվեց պատգամավորը։
Այս տարվա սեպտեմբերի 26–ին «Հայկական ազգային կինոկադեմիայի» որոշմամբ` «Օսկարի» «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում կներկայացվի ռեժիսորը Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը։
Ի պատասխան ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ նախարարության տիրույթում չէ այս հարցը, սակայն ուշադիր հետևում են այդ մասին հրապարակումներին։
«ՀԿ անդամներից շատերն ասում են, որ ոչ բոլոր ֆիլմերն են իրենց ուղարկվել, որպեսզի իրենք նայեին ու կարծիք կազմեին։ Հնարավոր է` այստեղ նաև առկա է շահերի բախման հնարավորությունը, որը մտահոգում է նախարարությանը` որպես լիազոր մարմին»,– նշեց նախարարը։
Ըստ նրա` ներկայացված տեղեկատվությունը բավարար է, որպեսզի նախարարությունն առնվազն պարզաբանումների և ընթացակարգի խախտումների վերաբերյալ համապատասխան գործընթաց նախաձեռնի։
Անդրեասյանի խոսքով` դա կնախաձեռնի «Հայֆիլմի» իրավահաջորդ` «Հայաստանի կինոյի հիմնադրամը», որն իր լիազորությունների շրջանակում պարզաբանումները կստանա ու միայն դրանից հետո, եթե կա ընթացակարգային որևէ խախտում, ապա այդ իմաստով որոշակի արձագանք ու հետևանք լինի։
Արցախյան պատերազմի մասին ֆիլմը չի ներկայացվի «Օսկարի». ի՞նչ են ասում կինոակադեմիայից
Նշենք, որ «Հայկական ազգային կինոկադեմիայի» որոշումը բուռն քննադատությունների առիթ է հանդիսացել. շատ մասնագտներ կարծում են, որ ճիշտ կլիներ, եթե Շողակաթ Վարդանյանի՝ բազմաթիվ միջազգային մրցանակներ ստացած «1489»–ին նախապատվությունը տրվեր, հատկապես որ այն 44-օրյա պատերազմի մասին է:
Շողակաթ Վարդանյանի «1489»-ը Բուենոս Այրեսի վավերագրական կինոյի փառատոնի (FIDBA) միջազգային մրցույթում լավագույն լիամետրաժ վավերագրություն ճանաչվելուց հետո գլխավոր մրցանակ է ստացել Լոս Անջելեսի վավերագրական կինոյի փառատոնում (Doc LA):
Այն ավելի վաղ Ամստերդամի վավերագրական ֆիլմերի փառատոնում (DFA) արժանացել է «Լավագույն ֆիլմ» և «FIPRESCI» մրցանակների։
Ֆիլմն առաջիկայում ցուցադրվելու է Ֆրանսիայում, Չեխիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Հունգարիայում և այլն: