ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Իրանի միացումը ԲՐԻԿՍ-ին և ՇՀԿ-ին նոր հնարավորություններ է բացում միջազգային ասպարեզում Մոսկվայի և Թեհրանի համագործակցության համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Իրանը ԲՐԻԿՍ-ի լիիրավ անդամ է դարձել, դուք գիտեք, որ մենք ակտիվորեն աջակցել ենք ձեր հայտին: Նախկինում մենք նույնպիսի եռանդով նպաստել ենք Շանհայի համագործակցության կազմակերպությանը ձեր միանալուն: Այսպիսով, մենք լրացուցիչ հնարավորություններ ենք բացում միջազգային ասպարեզում համատեղ աշխատանքի համար»,ասել է Պուտինը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ։
Նա նշել է, որ գլոբալ օրակարգի վերաբերյալ Մոսկվայի և Թեհրանի մոտեցումները մոտ են կամ լիովին համընկնում են: Պուտինը հավելել է, որ Ռուսաստանի և Իրանի խնդիրն է ամրապնդել առևտրատնտեսական համագործակցության դրական դինամիկան:
Նշենք, որ ԲՐԻԿՍ երկրների գագաթնաժողովը պետությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվում է Կազանում հոկտեմբերի 22-24-ը: Կազմակերպության նախագահի պաշտոնը 2024 թվականի հունվարի 1-ից զբաղեցնում է Ռուսաստանը` արդարացի գլոբալ զարգացման և անվտանգության համար բազմակողմանիության ամրապնդման կարգախոսի ներքո:
ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը ստեղծվել է 2006-ին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից, 2011-ին Հարավային Աֆրիկայի Հանրապետությունն է ընդգրկվել կառույցում:
2024 թվականի սկզբից ԲՐԻԿՍ-ին միացել են նաև Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան։