Անկեղծ ասեմ` ամեն անգամ, երբ մեր հարազատ կառավարությունը հաստատում է հերթական հիմնարար ծրագիրը` 10-15 տարվա հեռանկարով, հրաշալի գիտակցելով, որ 2026 թվականին խորհրդարանի ընտրություններ են, միշտ հիշում եմ հանրապետականներին, որոնք հպարտորեն կանխատեսում էին, թե հանգիստ իշխելու են առնվազն մի 20 տարի, բայց շատ արագ զրկվեցին ամեն ինչից Գյումրի-Երևան ընդամենը մի քանիօրյա քայլարշավի արդյունքում։ Անցած շաբաթ էլ կառավարությունը հաստատեց Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարությունը մինչև 2040 թվականը: Չեմ ուզում հիշեցնել, որ ժամանակին մեր ղեկավարներից մեկն ասում էր, թե 40 թվականին կունենանք 4-միլիոնանոց բնակչություն, մյուսն էլ իրական էր համարում, որ 50 թվականին հայաստանցիների թիվը կհատի 5 միլիոնի սահմանը։ Փաստեմ միայն, որ ժողովրդագրական միտումները միշտ էլ երկակի զգացմունքներ են առաջացրել աշխարհի բոլոր երկրների պետական չինովնիկների մոտ։
Տեսե՛ք։ Մի կողմից, պաշտոնյան հրաշալի գիտի, որ ինչքան ավելի մեծ տոկոս ենք կազմում մենք՝ տարեցներս, և որքան ավելի երկար ենք ապրում, այնքան ավելանում է կառավարության բեռը։ Մյուս կողմից, այդ կառավարական չինովնիկն էլ է ուզում հնարավորինս երկար ապրել և արժանի կենսաթոշակ ստանալ։ Պարադոքսի նման մի բան է։ Իհարկե, բոլորի համար ամենացանկալի հեռանկարը ծննդաբերության աճն է։ Հո պատահակա՞ն չէ, որ երբ վերջերս նախկին խորհրդային հանրապետություններից մեկում քննարկվում էին դեմոգրաֆիական խնդիրները, կատակասեր պատգամավորներից մեկն առաջարկեց. «Եկեք ստեղծենք սեքսի նախարարություն, որը ծավալուն ծրագիր կներկայացնի, թե ինչպես անել, որ երեխաներ շատ ծնվեն»։
Հայաստանի խորհրդարանում էլ վերջերս վարչապետը փաստեց. «Ժողովրդագրություն ասելով, տենց, մեր սովորույթի համաձայն կարող է վերջում գանք ծննդաբերության հարցի վրա կենտրոնանանք ու սկսենք հարցը դիտարկել էդ տրամաբանությունից»: Այո՛, ամենահեշտը ծնելիության աճի մասին ճամարտակելն է, չնայած գիտենք, որ նման խոսակցությունների օգուտը նվազագույն է։ Եվրոպայում մարդիկ բարեկեցիկ են ապրում, պետությունը պատկառելի միջոցներ է հատկացնում երեխա ունեցողներին, արտոնություններ է շնորհում նրանց, իսկ ծնելիությունը նվազում ու նվազում է։
Բայց դա դեռ դաժան իրականության մի մասն է։ Զուգահեռաբար աճում ու աճում է կյանքի տևողությունը։ Բա դրա հետ կապված պրոբլեմներն ինչպե՞ս պիտի լուծվեն. չէ՞ որ ավելանում ու ավելանում է պետության բեռը։
Ամենահեշտ ելքը, իհարկե, կենսաթոշակային տարիքի բարձրացումն է, բայց դա կապված է սոցիալական լուրջ ցնցումների հետ։ Ֆրանսիան ձեզ օրինակ։ Սակայն անցած շաբաթ հրապարակվեցին Չիկագոյում գտնվող Իլինոյսի համալսարանի պրոֆեսոր Ջեյ Օլշանսկու գլխավորած գիտական խմբի հետազոտությունների արդյունքները։ Եզրակացությունը միանշանակ է՝ մարդկանց կյանքի տևողության աճի տեմպերը գնալով դանդաղում են։ Այսինքն, մի′ խաբվեք անցյալով ու մի′ ոգևորվեք այն փաստով, որ անցած դարասկզբին կյանքի միջին տևողությունը Արևմուտքի երկրներում ընդամենը 45 տարի էր, մինչդեռ դարավերջին այն հասավ մոտ 80-ի։ Նման բան այլևս չի լինելու։ «Շատ քիչ մարդիկ, որոնք ծնվել են 21-րդ դարի ամենասկզբին, կտեսնեն 22-րդ դարը, այսինքն կապրեն 100 տարուց ավելի։ Ամենայն հավանականությամբ, տղամարդը միջինում կապրի 84 տարի, կինը՝ 90 տարի», կանխատեսում է պրոֆեսոր Օլշանսկին։
Կառավարական չինովնիկները, որոնք մտահոգված էին, թե որտեղից պետք է լրացուցիչ միջոցներ ճարեին, եթե կենսաթոշակառուն ապրեր միջինը 100 և ավելի տարի, իհարկե, կարող էին հանգիստ շունչ քաշել՝ կենսաթոշակային բեռը, կարծես թե, անվերջ չի ահագնանալու։ Սակայն ամեն ինչ այդքան միանշանակ չէ։ Բազմաթիվ մասնագետներ պնդում են, որ տարեցները էապես նպաստում են տնտեսության զարգացմանը։ Խոսքն ամենևին այն մասին չէ, որ թոշակառուն շատ հաճախ պարզապես ստիպված է աշխատել, որովհետև բոլորս էլ հրաշալի գիտենք՝ այն խղճուկ գումարով, որը թոշակառուն պետությունից է ստանում, կարելի է մի կերպ ձգել, ասենք, մինչև ամսի 15-ը, մնացած կես ամիսը պիտի պաս պահես, ջեռուցումն էլ անջատես, չնայած Գագիկ Սուրենյանի բերած ցիկլոնը միտք չունի հեռանալու։
Երբ մասնագետները պնդում են, թե բնակչության ծերացումը նաև դրական ազդեցություն է գործում տնտեսության վրա, բոլորովին այլ բան նկատի ունեն։ Morgan Stanley հայտնի ընկերության տնտեսագետների թիմը Չարլզ Գուդհարթի գլխավորությամբ էսպիսի հիմնավորում է ներկայացնում։ Բնակչության ծերացման հետևանքով կադրերի պակաս է առաջանում, աշխատողների դեֆիցիտը հաղթահարելու համար ձեռնարկատերը ստիպված է էապես բարձրացնել աշխատավարձը, որովհետև հմուտ մասնագետին, բանվորին, հաշվապահին ձեռքից ձեռք են խլում։ Ավելի շատ ստացող աշխատողը ավելի շատ էլ ծախսում է, ինչից անմիջապես օգտվում են արտադրողները՝ բարձրացնելով ապրանքի գինը։ Սկսվում է ինֆլյացիան, իսկ սղաճն, ինչպես հայտնի է, խթանում է տնտեսության զարգացումը։
Ահա այսպես, մենք ծերանալով, խթանում ենք տնտեսության զարգացումը, կառավարությունը դա իր հաշվին է գրանցում, իսկ հաջորդ տարվա պետբյուջեի նախագծում, որն արդեն ուղարկվել է խորհրդարան, մեր կենսաթոշակների բարձրացման մասին էլի, կարծես թե, խոսք չկա ու չկա…