Անմեղ մարդկանց վնասելը արդարացում չունի. ՀՀ ԱԳՆ–ի գրառումը Անկարայի ահաբեկչության մասին

Ահաբեկչություն Թուրքիայում
ՀՀ ԱԳՆ–ից հայտնել են, որ երկիրը դեմ է ահաբեկչության ցանկացած ձևի և բռնության նման գործողությունների։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԳՆ–ն անդրադարձել է այսօր Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությանը ու հայտնել, որ անմեղ մարդկանց վնասելը արդարացում չունի։ Գրառումը կատարվել է արտաքին գերատեսչության X-ի միկրոբլոգում։
«Հայաստանը, ինչպես բազմիցս հայտարարել է, դեմ է ահաբեկչության ցանկացած ձևի և բռնության նման գործողությունների»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ Հայաստանն առաջիններից մեկն է արձագանքել Անկարայի ահաբեկչությանը։ Այս պահի դրությամբ Էրդողանին ցավակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` Կազանում հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք, որ այսօր Անկարայում` ռազմական ինքնաթիռներ, ԱԹՍ–ներ և տիեզերական սարքավորումներ արտադրող թուրքական TUSAŞ կորպորացիայի շենքի մոտ, երկու պայթյուն էր որոտացել։ Նախնական տեղեկություններով կա 4 զոհ և մի քանի տասնյակ վիրավորներ։