ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հրավեր չի ստացել նոյեմբերի 5-7-ը Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական համաժողովի շրջանակներում կայանալիք կրոնական առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու համար։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայստանի իշխանությունները դեռ որոշում չեն կայացրել` կմասնակցե՞ն արդյոք գագաթնաժողովին, թե՞ ոչ։
Հիշեցնենք, որ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մասնակիցների COP–29 գագաթնաժողովը կանցկացվի Բաքվում նոյեմբերի 11–24–ը։
2023 թվականի դեկտեմբերին Հայաստանը որպես բարի կամքի քայլ իր աջակցությունը հայտնեց այն հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին և հանեց իր թեկնածությունը, իսկ Ադրբեջանն իր աջակցությունը հայտնեց Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված Հայաստանի թեկնածությանը:
Հունիսին վարչապետի մամուլի խոսնակը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` Բաքու մեկնելու և COP–29–ին մասնակցելու վերաբերյալ խոսակցություններին, ասել էր, որ վարչապետի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում: