ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին եւ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ պետական պաշտոնյաննները չէին շփվել ավելի քան 1 տարի։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը աչքի է ընկնում իր հակառուսական հայտարարություններով։ Նրա և Մատվիենկոյի հարաբերությունները ավելի սրվեցին այս տարվա ապրիլին, երբ Իսպանիայում ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի ժամանակ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանին մեղադրեց Հայաստանի դեմ սպառնալիքների և ապատեղեկատվության արշավ կազմակերպելու մեջ։ Նա նաև հայտարարեց, որ ՌԴ–ն ներխուժել է Ուկրաինա։
Դրանից հետո ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն լիագումար նիստում հայտարարեց, որ ՌԴ Դաշնային խորհուրդը հարցում կուղարկի Հայաստանի Ազգային ժողով՝ պարզելու օրենսդիրների դիրքորոշումը Ալեն Սիմոնյանի՝ Ռուսաստանի հասցեին հնչեցրած մեղադրանքների վերաբերյալ։ Նա հույս էր հայտնել, որ հայ խորհրդարանականները գնահատական կտան նման ելույթին։