ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը ակնհայտ սուտ է ներկայացնում միջազգային հանրությանը, փորձելով պատճառաբանել Հայաստանի հետ խաղաղության մերժումը իբր գոյություն ունեցող «սահմանադրական խոչընդոտներով»։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայ ազգային կոնգրեսը, որում անդրադարձ է կատարվել ամերիկյան «Նյուզվիք» ամսագրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը հրապարակած հոդվածին։
Վերջինում փորձ է արվում արդարացնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումից Ադրբեջանի հրաժարվելը։
Ըստ Հաջիևի, խաղաղության ճանապարհի հիմնական խոչընդոտը «Հայաստանի Սահմանադրությունն է, որը կոչ է անում միացնել Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանը Հայաստանին»։ Հաջիևը նշել է, որ «այդ սահմանադրական ռևանշիստական պահանջը նախկինում արդեն եղել է խոչընդոտ խաղաղության համար»։
«1996 թվականին Հայաստանի այն ժամանակվա նախագահը հրաժարվեց ստորագրել ԵԱՀԿ գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագիրը՝ պատճառաբանելով, որ Հայաստանի Սահմանադրությունը թույլ չի տալիս ստորագրել Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի մաս ճանաչող միջազգային փաստաթուղթ»,-Հաջիևի խոսքերը մեջբերել է ՀԱԿ-ը, դրանք համարելով ադրբեջանական ռազմատենչ քարոզչության հերթական կեղծիքը։
ՀԱԿ-ն անդրադարձել է 1996 թվականին Լիսաբոնում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երկու դիրքորոշումներին ղարաբաղյան հակամարտության կարգավորման ծրագրի վերաբերյալ, որով Լեռնային Ղարաբաղին առաջարկվում էր ինքնակառավարման ամենաբարձր կարգավիճակ Ադրբեջանի կազմում։
«Առաջին անգամ դա տեղի ունեցավ լիագումար նիստում, երբ նախագահը հայտարարեց.
«Մեր խորին համոզմամբ՝ ղարաբաղյան հիմնախնդիրը Ադրբեջանի կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա լուծելու դեպքում, Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա կախված կլինի ցեղասպանության կամ բռնի տեղահանության մշտական սպառնալիքը։ Սումգայիթի (1988թ. փետրվար), Կիրովաբադի (1988թ. նոյեմբեր) և Բաքվի (1990թ. հունվար) հակահայկական ջարդերի, ինչպես նաև Ղարաբաղի 24 հայկական գյուղերի բնակչության տեղահանության (1991թ. մայիս – հունիս) փորձը ամենայն ակներևությամբ ցույց է տալիս, որ Ադրբեջանը, չնայած բոլոր հավաստիացումներին, չի կարող Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխիքներ ապահովել»»,-նշված է հայտարարության մեջ։
Իսկ ՀՀ առաջին նախագահի երկրորդ հայտարարությունը գրանցվել է որպես ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթնաժողովի պաշտոնական փաստաթղթի երկրորդ հավելված։ Այն հիմնավորել է առաջարկված ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ վետոյի կիրառումը Հայաստանի կողմից։ Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ այդ հայտարարությունը կանխորոշում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, հակասելով ԵԱՀԿ-ի նախարարական խորհրդի որոշմանը, որն այդ լիազորությունը վերապահում է Մինսկի խմբի համաժողովին, որը պետք է գումարվի քաղաքական համաձայնության կայացումից հետո։
Հայտարարության մեջ շեշտվում է, որ Սահմանադրությունը Հայաստանի համար այլ սահմաններ չի նախատեսում, քան 1991 թվականի միջազգայնորեն ճանաչված սահմաններն են, ինչը ևս մեկ անգամ հաստատվել է Հայաստանի ՍԴ որոշումով։
«Ցավալի է, որ «Նյուզվիք» ամսագրի նման լուրջ լրատվամիջոցը պատշաճ կերպով չի ստուգել Հաջիևի պնդումների հավաստիությունը։ Իրական խնդիրը, սակայն, ոչ թե Ադրբեջանի կողմից ներկայացված և ցանկության դեպքում հեշտությամբ հերքվող այս կեղծիքն է։ Խնդիրն ավելի շատ Նիկոլ Փաշինյանի ամուլ քաղաքականությունն է, որը պարտավոր էր միջազգային հանրության և, մասնավորապես, «Նյուզվիք» ամսագրի ուշադրությանը ներկայացնել Ադրբեջանի սուտը հերքող Հայաստանի պաշտոնական պատասխանը եւ պնդել դրա հրապարակումը»,-նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` հունիսի 26-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկությունների 10-րդ փաթեթը, Երևանն առաջարկությունների պատասխան փաթեթ է պատրաստում։
ՀՀ ԱԳՆ–ն օգոստոսի 7-ին հայտնեց, որ խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող կետը։
Օգոստոսի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Ադրբեջանին առաջարկվել է ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերը և հետագայում աշխատել մնացածի վրա: Նա նշեց, որ համաձայնեցվել է 16 հոդվածից 13-ը։
Ադրբեջանի նախագահը սեպտեմբերի 23-ին երկրի խորհրդարանում հայտարարեց, որ հայկական կողմը, ուղարկելով Բաքվի վերջին առաջարկների պատասխանը, բոլոր չհամաձայնեցված դրույթները հանել է խաղաղության պայմանագրի նախագծից: Ալիևի խոսքերից ստացվում է, որ Երևանն իր վերջին պատասխանում փոխանցել է 16 հոդվածներից 13-ը: Նա հայկական ղեկավարության գործողությունները որակեց «ոչ ադեկվատ և պարզունակ»։