Թուրքիան կշարունակի պայքարը, քանի դեռ Գյուլենի կազմակերպությունը չի ոչնչացվել. Էրդողան

Ռեջեփ Թայիփ Էրդողան
Հոկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ FETÖ–ի առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը մահացել է ԱՄՆ-ում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի իշխանությունները մտադիր են այնքան պայքարել, մինչև FETÖ կազմակերպությունն ամբողջովին ոչնչացվի։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող կուսակցության տարածքային կառույցների ղեկավարների ընդլայնված ժողովի ժամանակ:
Հոկտեմբերի 21-ին թուրքական ԶԼՄ-ները հայտնեցին, որ FETÖ կազմակերպության առաջնորդը` 83-ամյա Ֆեթուլլահ Գյուլենը, մահացել է ԱՄՆ-ում: Լուրը հաստատեց Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Մենք կշարունակենք պայքարն այնքան ժամանակ, քանի դեռ FETÖ-ն ամբողջությամբ չի ոչնչացվել։ Որտեղ էլ լինեն, մենք անպայման կհետապնդենք նրանց»,- ասել է Թուրքիայի առաջնորդը։

Հիշեցնենք` Թուրքիայի իշխանությունները Գյուլենին մեղադրում են 2016-ի հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած զինված հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ։
Ըստ Թուրքիայի իշխանությունների` Գյուլենն այդ գործողությունը ծրագրել և իրականացրել է երկրի ուժային կառույցներում ու հատկապես զինված ուժերում ներդրված մարդկանց ու համակիրների միջոցով։ Նշենք, որ հեղաշրջման փորձից հետո երկրի զինված ուժերի հազարավոր սպաներ ու զինվորներ ձերբակալվեցին, տասնյակհազարավորներն էլ հեռացվեցին աշխատանքից։
Նշենք, որ Գյուլենը, որը գտնվում էր ԱՄՆ-ում, դատապարտել էր հեղաշրջման փորձը և հերքել իրեն առաջադրված մեղադրանքները։