ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik, Արամ Գարեգինյան. Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական թիմերը, որոնք հաղթել են «Ռոսատոմի» մաթեմատիկական մոդելավորման մրցույթում, որպես խրախուսանք կստանան էներգետիկ հաշվարկների ծրագրային ապահովման մեկամյա հասանելիություն:
Նախկինում նման մրցույթներ համալսարանում անցկացվում էին, բայց այն ժամանակ մասնակցում էր 2-3 թիմ։ Այս տարի թիվը հասել է 7-ի, ընդ որում՝ մասնակցում են ոչ միայն ուսանողները, այլև բարձր դասարանցիները, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ջերմաէներգետիկայի և շրջակա միջավայրի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Արամ Գևորգյանը։
Արամ Գևորգյան
© Sputnik / Aram Nersesyan
Մի քանի հոգուց բաղկացած թիմերը մրցույթին պետք է Հայաստանի ցանկացած կետում վիրտուալ տեղադրեին արևային էլեկտրակայան և հաշվարկեին, թե ինչպես է այն ինտեգրվելու երկրի էներգահամակարգին: Մասնակիցները պետք է մոդելավորեին կայանի աշխատանքային ռեժիմը՝ հաշվի առնելով ցանցի վիճակը և ծանրաբեռնվածությունների փոփոխությունները։ Թիմերում ընդգրկված էին Պոլիտեխնիկականի տարբեր ֆակուլտետների (կամ, ինչպես նրանց այժմ պաշտոնապես անվանում են ինստիտուտներ) ներկայացուցիչներ՝ ոչ միայն էներգետիկայի, այլև ծրագրավորման և ռադիոէլեկտրոնիկայի մասնագետներ։
Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է «Ջեթ Լաբ» ընկերության («Ռոսատոմ» կորպորացիայի դուստր ձեռնարկություն – խմբ․) տնօրեն Սերգեյ Բուկրեևը, կորպորացիան Ռուսաստանի սահմաններից դուրս նման մրցույթներ անցկացնում է արդեն երրորդ անգամ. տարեսկզբին այն անցկացվել Է Բելառուսում, այնուհետև Ղազախստանում, իսկ հիմա՝ Հայաստանում։
Էներգետիկ օբյեկտների և ցանցերի մոդելավորման համար մրցույթի մասնակիցները առաջադրանքներ են կատարել ծրագրային ապահովման հիման վրա։ Հաղթողները կստանան ծրագրի ուսումնական տարբերակի տարեկան բաժանորդագրություն:
«Սա, իհարկե, ոչ թե մասնագիտական, այլ ուսումնական տարբերակ է, բայց դրա ֆունկցիոնալությունը բավարար է դիպլոմային աշխատանքների և նույնիսկ գիտական հետազոտությունների համար», - հավելել է Բուկրեևը:
Սակայն համագործակցությունն այսքանով չի սահմանափակվելու. Պոլիտեխնիկականը նախատեսում է «Ջեթ Լաբի» արտադրանքի հիման վրա բացել էներգետիկայի ոլորտում համակարգչային մոդելավորման լաբորատորիա: Մոդելավորման ծրագրերից բացի, ընկերությունն ունի նաև ԱԷԿ-ի կառավարման վահանակների լիաֆորմատ սիմուլյատորներ, ինչպես նաև ատոմակայանների ամբողջական «թվային կրկնօրինակներ»՝ ռեակտորային կայանքներից մինչև մեքենայական սրահներ և այլ հանգույցներ:
«Նման սիմուլյատորներ արդեն տեղադրվել են Ռուսաստանի 8 բուհերում, ինչպես նաև Մինսկում, և դրանք ցուցադրվում են նույնիսկ դպրոցականներին։ ԱԷԿ-ն, իհարկե, ամենապարզ օբյեկտը չէ, սակայն ծրագիրն այնպես է նախագծված, որ այն հնարավոր է սովորել նույնիսկ բազային մակարդակով, բառացիորեն մի քանի «քլիքով»»,- նշել է Բուկրեևը։
Հաջորդ տարի «Ջեթ Լաբը» նախատեսում է հայաստանյան բուհերին հրավիրել մասնակցելու ևս մեկ՝ ավելի բարդ մոդելավորման մրցույթի, որը նախատեսված է բարձր կուրսեցիների և ասպիրանտների համար: Այս մրցույթի շրջանակներում ուսանողները պետք է իրականացնեն ծավալուն հետազոտական աշխատանքներ ոչ միայն էներգետիկայի, այլև մեխանիկայի (օբյեկտների ամրության հաշվարկներ) և կառավարման համակարգերի վերաբերյալ: Հեռակա կարգով ընտրված լավագույն նախագծերի հեղինակները կպաշտպանեն իրենց աշխատանքները մրցութային հանձնաժողովի առջև: