ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովում այսօր հայտարարությունների ժամին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը բացահայտ վիրավորանքներ և մեղադրանքներ հնչեցրեց ՀՅԴ կուսակցության պատգամավորների հասցեին։
Արցախի հանձնման համար նա կրկին մեղադրեց նախկին իշխանություններին` մասնավորապես հիշեցնելով, որ դա տեղի է ունեցել դեռ 2016 թ. «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով, որին կողմ քվեարկածների ցանկի մեջ նշված էին այդ ժամանակ ՀՅԴ պատգամավորներ Արմեն Ռուստամյանի, Աղվան Վարդանյանի և մյուսների անունները։ Անունների ցանկը նա տարավ ու դրեց ՀՅԴ պատգամավորների առաջ։
«Դուք սպառվել եք, ու դա մենք չենք ասում, դա ձեր միտինգների դատարկությունն է ասում»,– հայտարարեց նա։ Այնուհետև, ԱԺ նախագահը վիրավորական արտահայտություններ թույլ տվեց Բագրատ սրբազանի և ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի հասցեին` նրանց որակելով «մաշված»։
Սիմոնյանն այդքանով չբավարարվեց. նա որոշեց անդրադառնալ նաև ընդդիմադիր պատգամավորների սեղաններին տեղադրված Արցախի դրոշներին։
«Այն դրոշակները, որ դրել եք ձեր դեմը, հիշեք, որ դուք այդ օրենքին կողմ քվեարկելով որոշել եք, որ դրոշակի վրայի այն փոքր կտորը, որն Արցախն էր ու պետք է միանար մեծ կտորին` Հայաստանին, Ադրբեջանի Հանրապետություն է։ Ու չգաք ստեղ, մարդկանց աչքերին թոզ չփչեք»,– հայտարարեց նա։
Ալեն Սիմոնյանի ելույթի ընթացքում «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանը, Գառնիկ Դանիելյանը, Արմենուհի Կյուրեղյանը տեղից արձագանքում էին նրան։
Հաջորդ ելույթ ունեցողը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էր, և նրա ուշադրությունից չէր վրիպել, որ Սիմոնյանը հատկապես բարկացած էր խոսում Արցախի դրոշների մասին։ «Նախ ինչի՞ այդքան ջղայնացաք Արցախի դրոշներին նայելիս. էմոցիաները այդքան բացահայտ պետք չէ ցույց տալ»,– ընդգծեց պատգամավորը։
Անդրադառնալով 2016 թ. «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքին` Վարդանյանը նշեց, որ Արցախի հանձնման համար վկայակոչել ներքին օրենսդրությունն այնքան հիմարություն է, որ ոչ ոք, բացի Սիմոնյանից, չի կրկնում։
«Այդ ինչպես է, որ Ադրբեջանի վերնախավը բացառապես ձեր իշխանության հայտարարություններն ու ստորագրություններն է վկայակոչում` որպես Արցախի վրա իրավազորության տարածման հիմք, ու Ալիևն անգամ Սամվել Շահրամանյանի ստորագրած թուղթը չի վկայակոչում։ Ձեզ մոտ հարց չի՞ առաջացել` ինչո՞ւ»,– նկատեց Վարդանյանը։
Իր խոսքը եզրափակելով` նա հայտարարեց, որ իշխող կուսկացությունն այս երկրում, ընդհանրապես, Ալիևի փաստաբանի է վերածվել։ «Չգիտեմ` վարձատրություն դրա համար ստանո՞ւմ եք, թե ոչ»,– ավարտեց իր ելույթը Վարդանյանը։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ լիագումար նիստի ժամանակ քննարկվում էր «Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեցին քննարկմանը, ինչպես նաև հայտարարել են, որ չեն մասնակցելու քվեարկությանը։