ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ երկրի ԱԳՆ-ն հետ է կանչել Պոզնանում Ռուսաստանի հյուպատոսության աշխատանքի վերաբերյալ համաձայնությունը:
Նրա խոսքով` հյուպատոսության անձնակազմն «անցանկալի անձ» կհայտարարվի և պետք է լքի Լեհաստանի տարածքը: Սիկորսկին այս հայտարարությունն արել է ռուսական հատուկ ծառայությունների հասցեին Վրոցլավում դիվերսիա կազմակերպելու փորձի մեջ մեղադրանքների ֆոնին, սակայն հրկիզումների ծրագրերին Ռուսաստանի մասնակցության ապացույցներ չի ներկայացրել:
Ավելի վաղ Սիկորսկին հայտնել էր մի մարդու ձերբակալության մասին, որին մեղադրում են իբր ռուսական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ հրկիզումներ նախապատրաստելու մեջ, և խոստացել էր համապատասխան միջոցներ ձեռնարկել:
«Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում Արևմուտքի երկրների, այդ թվում` Լեհաստանի դեմ։ Իմ տվյալներով` դիվերսիաների փորձերի հետևում կանգնած են ռուսական հատուկ ծառայությունները»,-ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԳ նախարարը` ընդգծելով, որ հյուպատոսությունը փակելու որոշումը այդ իրավիճակի հետ է կապված։
Լեհաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Պավել Վրոնսկին հավելել է, որ հյուպատոսությունն առաջիկա օրերին կդադարեցնի աշխատանքը, իսկ աշխատակիցները պարտավոր կլինեն լքել երկիրը:
Վերջին շրջանում Արևմուտքում ավելի ու ավելի հաճախ են մտքեր հնչում դաշինքի և ՌԴ-ի միջև ուղիղ զինված հակամարտության մասին։ Կրեմլում նշել են, որ ՌԴ-ն որևէ մեկին չի սպառնում, բայց անուշադրության չի մատնի իր շահերի համար հնարավոր վտանգ ներկայացնող գործողությունները։ Բացի այդ, վերջին տարիներին ՌԴ-ն ՆԱՏՕ-ական աննախադեպ ակտիվություն է նկատում արևմտյան սահմանների մոտ։
Դաշինքն ընդլայնում է նախաձեռնությունները և դա անվանում է «ռուսական ագրեսիայի զսպում»։ Մոսկվան բազմիցս մտահոգություն է հայտնել Եվրոպայում դաշինքի ուժերի ավելացման կապակցությամբ։ ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ Մոսկվան շարունակում է բաց մնալ ՆԱՏՕ-ի հետ երկխոսության համար, սակայն իրավահավասարության հիմունքներով, ընդ որում` Արևմուտքը պետք է հրաժարվի մայրցամաքը ռազմականացնելու ծրագրերից: