ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Բեյրութում Ռաֆիկ Հարիրիի անվան հիվանդանոցի մոտ գտնվող բնակելի տանը Իսրայելի հասցված հարվածի հետևանքով 4 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարության Արտակարգ իրավիճակների կենտրոնին։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) տեղեկություն էր հրապարակել, ըստ որի՝ Բեյրութի հիվանդանոցի տակ իբր «Հզբոլլահի» բունկեր է գտնվում, որտեղ, պնդումների համաձայն, առնվազն կես միլիարդ դոլար կանխիկ գումար և ոսկու ձուլակտորներ են պահվում։ ՑԱԽԱԼ–ը պնդում է, որ բունկերը անմիջապես «Ալ-Սահել» հիվանդանոցի տակ է։
«Ռաֆիկ Հարիրիի անվան հիվանդանոցի մոտ գտնվող տան վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով չորս մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ երեխա, 24-ը վիրավորվել են», - ասվում է կենտրոնի հաղորդագրության մեջ։
«Ալ-Սահել» հիվանդանոցի տնօրեն Ֆադի Ֆախրի Ալամեն նշել է, որ իսրայելական զինվորականների հաղորդումները հաստատության տակ գտնվող լիբանանյան «Հզբոլլահ» շարժման բունկերի մասին ընդամենը պատրվակ են Լիբանանի վրա հարձակումները շարունակելու համար։
«Իսրայելի մեղադրանքներն անհիմն են և պատրվակ են Լիբանանի և նրա հաստատությունների վրա հարձակումներն արդարացնելու համար»,- CNN-ին ասել է հիվանդանոցի տնօրենը։
Իսրայելը հոկտեմբերի 1-ից «Հզբոլլահի» ուժերի դեմ ցամաքային գործողություն է իրականացնում Լիբանանի հարավում և շարունակում է հարևան երկրի օդային ռմբակոծությունները։ Արդեն զոհվել է ավելի քան հազար մարդ, այդ թվում՝ շիա շարժման առաջնորդներ։ Ավելի քան 90 հազար մարդ փախստական է դարձել: Չնայած կորուստներին, այդ թվում՝ հրամանատարական կազմում, «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
Իսրայելն իր գործողության հիմնական նպատակն է համարում պայմանների ստեղծումը երկրի հյուսիսի 60 հազար տարհանված բնակիչների վերադարձի համար, որոնք լքել են իրենց տները մեկ տարի առաջ «Հզբոլլահի» կողմից ի աջակցություն ՀԱՄԱՍ-ին սկսած հրթիռակոծության պատճառով։