ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Լիբանանյան «Հզբոլլահ» շարժումը ստանձնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կեցավայրի ուղղությամբ իրականացված հարձակման պատասխանատվությունը: Այդ մասին հայտարարել է շարժման մամուլի ծառայության ղեկավար Մոհամմադ Աֆիֆը։
Հոկտեմբերի 19-ին Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել էր, որ Լիբանանից 3 ԱԹՍ է արձակվել, որոնցից երկուսը հաջողվել է որսալ, իսկ 1-ը հարվածել է Նեթանյահուի` Կեյսարիա քաղաքի շրջանում գտնվող կեցավայրին։
«Մենք մեզ վրա ենք վերցնում Իսրայելի վարչապետի տան վրա հարձակվելու ամբողջ պատասխանատվությունը», - ասել է Աֆիֆը:
Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում հրթիռակոծել հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում)` «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
Իսրայելը նշում է, որ ռազմական արշավի գլխավոր նպատակն է պայմաններ ստեղծել հյուսիսի 60 հազար բնակիչների վերադարձի համար, որոնք մեկ տարի առաջ տարհանվել են «Հզբոլլահի» կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն աջակցելու համար սկսված գնդակոծությունների պատճառով:
Իրավիճակը կրկին սրվեց սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում կապի միջոցների զանգվածային պայթյուններից հետո, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ մահացան, շուրջ 3 հազար քաղաքացիներ վիրավորվեցին: Ավելի ուշ իսրայելական ավիացիան հարվածեց Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքին, ինչի հետևանքով մահացավ ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ «Հզբոլլահի» հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Իբրահիմ Աքիլը:
Շիա զինյալներն ի պատասխան հարձակվեցին Իսրայելի ՌՕՈւ «Ռամաթ-Դավիդ» բազայի և Հայֆայի հյուսիսում գտնվող «Ռաֆայել» ռազմարդյունաբերական համալիրի վրա: Մի քանի հրթիռ պայթեց Հայֆայի բնակելի թաղամասերում։