ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Տիրանայում անցկացվող ըմբշամարտի մինչև 23 տարեկաննների աշխարհի առաջնության եզրափակիչում 97 կգ քաշային կարգում Հայկ Խլոյանը եզրափակիչ գոտեմարտում 11։6 հաշվով հաղթեց բելառուս Աբուբակար Խասլանխանովին ու նվաճեց աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալը։
Գոտեմարտի ընթացքում մեր ըմբիշը հաղթում էր 7։0, 8։4, 9։5 հաշվով։ Խասլանխանովը ամեն ինչ արեց կորցրածը հետ բերելու համար, բայց Հայկը նրան շանս չտվեց։
Հայկ Խլոյանը որակավորման փուլում 5։3 հաշվով հաղթանակի էր հասել գերմանացի Անտոն Վյուվեգի նկատմամբ։ 1/8 եզրափակիչում Հայկը ժամանակից շուտ պարտության էր մատնել ղազախ Բեյբիտ Կոլգանովին, իսկ քառորդ եզրափակիչում բացահայտ առավելությամբ՝ 10։0 հաշվով պարտության էր մատնել ղրղզ Նուրմանբետ Ռայմալի Ուուլուին։
Կիսաեզրափակիչում դժվար ու ծանրագույն գոտեմարտում Հայկը ուժերի գերլարումով, հաշվի հավասար պայմաններում՝ 3։3, հաղթանակի հասավ Ռուսաստանը ներկայացնող Մագոմեդ Մուրտազալիևի նկատմամբ։
Վաղը միչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում երկու ըմբիշներ գոտեմարտելու են «փոքր» եզրափակիչում։ Բրոնզե մեդալի համար կգոտեմարտեն Արման Վարդանյանը (63կգ) և գերծանր քաշային Ալբերտ Վարդանյանը։