Երևանում 28-ամյա տղամարդը քարով կոտրել է պարեկների ավտոմեքենայի ապակին ու դիմել փախուստի

Ոստիկանական ավտոմեքենա
28-ամյա տղամարդը հայտնաբերվել է, նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Երևանում 28-ամյա տղամարդը քարով հարվածել է պարեկային ավտոմեքենային, կոտրել ապակին ու դիմել փախուստի։ Պարեկները նրան հայտնաբերել են և ձերբակալել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Պարզվել է, որ հոկտեմբերի 15-ին՝ ժամը 04:05-ին, պարեկային ծառայության աշխատակիցները Երևանի Կոմիտասի պողոտա-Վ.Վաղարշյան փողոցների խաչմերուկի մոտ իրականացրել են վարչական իրավախախտման արձանագրություն։
«Այդ ընթացքում մի տղամարդ մայթից վազելով մոտեցել է նշված վայրում կայանված պարեկների ծառայողական ավտոմեքենային և պարեկների օրինական ծառայողական վերոնշյալ գործունեությանը միջամտելու և այն խափանելու ուղղակի դիտավորությամբ ձեռքի քարը նետել ավտոմեքենայի ուղղությամբ՝ վնասելով բեռնախցիկը, տանիքը և բեռնախցիկի վրա գտնվող ապակին, որից հետո դիմել է փախուստի»,-նշված է հաղորդագրության մեջ
Պարեկներին հաջողվել է նրան բռնել, և տղամարդը տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ նրան ձերբակալելու որոշում է կայացվել։
Պարզվել է, որ տղամարդը չունի մշտական բնակության վայր, միաժամանակ ալկոհոլի ազդեցության տակ է։
Իրականացվել է դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքից վերցված տեսագրության զննություն, նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն։
Նշված անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի հսկողության տակ գտնվողի գույքը ոչնչացնելը կամ վնասելը)։
Տղամարդն իրեն մեղավոր է ճանաչել՝ հայտնելով, որ զղջում է կատարվածի համար։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը մերժվել է։ Արձանագրվել է, որ մեղադրյալի կողմից իր դատավարական պարտականությունների կատարումը հնարավոր է ապահովել առավել մեղմ այլընտրանքային խափանման միջոցի կիրառությամբ։ Քննիչի կողմից 28-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Նախաքննությունը շարունակվում է:
Ոստիկանական գվարդիան կձևավորվի նախատեսվածից մի փոքր ուշ. Սարգսյանը` փոփոխությունների մասին