ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Բաղդասարյանը և ընտանիքի անդամներից ևս 2-ը հրավիրվել են դատախազություն։ Տեղեկությունը հրապարակված է azdarar.am կայքում։
«Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր»,-նշված է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ Բաղդասարյանին առաջարկվում է ներկայանալ դատախազություն հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14:30-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում` օրը և ժամը համաձայնեցնել գերատեսչության հետ:
Նշենք, որ նույն վարույթի շրջանակներում դատախազություն են հրավիրվել նաև Արթուր Բաղդասարյանի որդին՝ Վահան Արթուրի Բաղդասարյանը, և հայրը` Վահան Մոսկովի Բաղդասարյանը։ Նրանց տեղեկացվել է, որ իրենց անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա: