Որևէ գործողություն միտված COP-29–ի չեղարկելուն կամ դրա վրա ազդելուն, չենք իրականացնում. Ալեն Սիմոնյան

Sputnik
Հայաստանի իշխանությունները դեռ չեն որոշել մասնակցելու են Բաքվում կայանալիք ՄԱԿ–ի Կլիմայի փոփոխության գագաթնաժողովին, թե ոչ։ Փոխարենը միանշանակ է, որ COP-29-ի դեմ ուղղված որևէ գործողություն չեն ձեռնարկելու։ Այսօր լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Որևէ գործողություն, որ միտված է COP-29 միջոցառումը չեղարկելուն կամ ինչ–որ ձևով դրա վրա ազդելուն, չենք իրականացնում, և ես դա համարում եմ ճիշտ։ Կարծում եմ` աշխարհը դրա մասին տեղյակ է և վստահ եմ, որ դրա հետ կապված միջազգային տարբեր պատվիրակությունների կողմից առնվազն ակնարկ կլինի, եթե ոչ ելույթներ»,– ասել է Սիմոնյանը։
Նոյեմբերի 11–24–ը Բաքվում նախանշված է Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մասնակիցների COP–29 գագաթնաժողովը։
Այն ի սկզբանե որոշված էր անցկացնել Հայաստանում, բայց 1 տարի առաջ Հայաստանը որպես բարի կամքի քայլ այդ իրավունքը զիջեց Ադրբեջանին: Դրա դիմաց Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիներից 32–ին։
Այսօր Ադրբեջանը պատրաստվում է իր երկրում անցկացվող միջոցառումն օգտագործել Հայաստանի և Արցախի դեմ շինծու բնապահպանական մեղադրանքները ՄԱԿ–ի մակարդակով ամրագրելու։
Հայկական կողմին միջազգային տարբեր հարթակներից կոչ են անում համախմբվել և մեդիա արշավ COP 29–ի դեմ` Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով։