Վրաստանում այնուամենայնիվ ուզում են հասնել Սալոմե Զուրաբիշվիլիի իմպիչմենտին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի կարծիքով` Զուրաբիշվիլին պետք է պաշտոնը թողնի ոչ թե որպես նախկին, այլ որպես պաշտոնաթող նախագահ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանի խորհրդարանը մտադիր է հասնել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրաժարականին իմպիչմենտի միջոցով։ Խորհրդարանական մեծամասնության պատգամավորները 81 ստորագրություն են հավաքել երկրի Սահմանադրական դատարան ներկայացվող նոր հայցի համար։ Հայտնում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, պատգամավորները կարծում են, որ Վրաստանի առաջնորդը խախտել է երկրի Սահմանադրության 52-րդ հոդվածը, որի համաձայն՝ պետության ղեկավարն արտասահմանում ներկայացուցչական լիազորություններ պետք է իրականացնի կառավարության թույլտվությամբ:
Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ հայցը Սահմանադրական դատարան կուղարկվի առաջիկա ժամերին։Եթե ՍԴ-ն որոշում ընդունի, որով կհաստատվի նախագահի կողմից Սահմանադրության խախտման փաստը, ապա խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է նախագահ Զուրաբիշվիլիի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսել։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Զուրաբիշվիլին պետք է պաշտոնը թողնի ոչ թե որպես նախկին, այլ որպես պաշտոնաթող նախագահ։
Կոբախիձեի խոսքով՝ Զուրաբիշվիլիի իմպիչմենտը խորհրդանշական բնույթ կկրի, քանի որ դեկտեմբերին լրանում է նրա նախագահական ժամկետը։
«Նախագահի նոր թեկնածուի հետ կապված քննարկումը իշխող «Վրացական երազանք» կուսակցությունում տեղի կունենա հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո», - ասել է վարչապետը։
Անցյալ տարվա հոկտեմբերին խորհրդարանական մեծամասնությունն արդեն սկսել էր Զուրաբիշվիլիի իմպիչմենտի գործընթացը, սակայն քվեարկության ժամանակ այն ձախողվեց ձայների անբավարարության պատճառով։