Նորզելանդական օդանավակայաններից մեկում պահանջել են 3 րոպեից ավելի չգրկախառնվել

Օդանավակայանում չի լինի «հակագրկախառնային ոստիկանություն», այլ ուղղակի աշխատակիցները կմոտենան նրանց, ովքեր երկար են հրաժեշտ տալիս և քաղաքավարի կխնդրեն գնալ կայանատեղի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Նորզելանդական Դանեդին քաղաքի օդանավակայանում փակցվել է նոր ցուցանակ, որը զգուշացնում է` հրաժեշտ տալիս գրկախառնվել ոչ ավելի, քան 3 րոպե։ Այդ մասին հաղորդում է բրիտանական «Guardian»–ը:
«Առավելագույն ժամանակը 3 րոպե է։ Ավելի սրտառուչ բաժանումների համար խնդրում ենք օգտագործել կայանատեղին»,– գրված է զգուշացնող նշանի վրա։
Օդանավակայանի տնօրեն Դեն Դե Բոնոն «Radio New Zealand»–ի հետ զրույցում նշել է, որ ցուցանակը տեղադրել են բարի հումորով: Նրա խոսքով` իհարկե օդանավակայանում չի լինի «հակագրկախառնային ոստիկանություն», այլ ուղղակի աշխատակիցները կմոտենան նրանց, ովքեր երկար են հրաժեշտ տալիս և քաղաքավարի կխնդրեն գնալ կայանատեղի:
«Մենք չենք պատրաստվում մարդկանց ուղղորդել, թե որքան պետք է գրկախառնվեն։ Դա պարզապես միջոց է մարդկանց հիշեցնելու, որ պետք է ուրիշներին թույլ տան անցնել»,– հայտարարել է նա։
Պարբերականը գրում է, որ սոցցանցերում կարծիքները կիսվել են. ոմանք գրում են, որ նմանատիպ ցուցանակներն «անմարդկային» են, իսկ մյուսները, ընդհակառակը, նշում են, որ այլ օդանավակայաններում «հրաժեշտի գոտում» չափազանց երկար մնալու համար գանձվում է վճար։ Մինչդեռ Դանեդինի օդանավակայանում զգուշացումը հումորով է գրված: