ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik․ Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, 60-ամյա Լևոն Ջուլֆալակյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն է ստացել: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Փաստաթուղթը հրապարակվել է ՌԴ իրավական ակտերի հրապարակման պաշտոնական կայքում։
Լևոն Ջուլֆալակյանը ծնվել է 1964 թվականի ապրիլի 5-ին Գյումրիում։ Վաղ տարիքից Լևոնը հաճախել է սպորտային մարմնամարզության, այնուհետև սկսել է զբաղվել հունահռոմեական ըմբշամարտով Գյումրու մանկապատանեկան սպորտային դպրոցում։ 1983 թվականին հաղթել է ԽՍՀՄ-ի պատանեկան առաջնությունում, իսկ 1984 և 1985 թվականներին՝ դարձել ԽՍՀՄ-ի մեծահասակների մրցաշարի մրցանակակիր։
1985 թվականին ընդգրկվել է ԽՍՀՄ-ի հավաքականի կազմի մեջ՝ դառնալով Աշխարհի առաջնության գավաթակիր, իսկ 1986 թվականին նվաճել է Եվրոպայի և աշխարհի չեմպիոնի տիտղոսը, 1988-ին դարձել է օլիմպիական չեմպիոն։
1999 -2019 թթ. եղել է Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչը։