ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի հյուրերին, բեյջերի հետ մեկտեղ, տրամադրել են քարտ՝ միջոցառման անցկացման օրերին ներքաղաքային հասարակական տրանսպորտից օգտվելու համար:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, տրանսպորտային քարտը յուրատեսակ նվեր է Կազան քաղաքից: Այն թույլ է տալիս հոկտեմբերի 20-ից 24-ը ներառյալ օգտվել հասարակական տրանսպորտի ցանկացած տեսակից։
Քարտը վերադարձնելու պահանջ չկա: Գագաթնաժողովից հետո այն կարելի է շարունակել օգտագործել որպես Կազանի սովորական տրանսպորտային քարտ՝ ինքնուրույն համալրելով հաշիվը։
ԲՐԻԿՍ երկրների գագաթնաժողովը տեղի կունենա Կազանում հոկտեմբերի 22-24-ին: ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը ստեղծվել է 2006 թվականին: Ռուսաստանը 2024 թվականի հունվարի 1-ից ստանձնել է կառույցի նախագահությունը։ Ընթացիկ տարում կազմակերպությանը միացել են նոր անդամ-պետություններ։ Բացի ՌԴ-ից, Բրազիլիայից, Հնդկաստանից, Չինաստանից և Հարավային Աֆրիկայից, այժմ ԲՐԻԿՍ-ում ընդգրկված են Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան: ԲՐԻԿՍ-ում Ռուսաստանի նախագահությունն ընթանում է արդարացի գլոբալ զարգացման և անվտանգության բազմակողմանիության ամրապնդման նշանաբանի ներքո: Իր նախագահության շրջանակներում ՌԴ-ն կազմակերպում է ավելի քան 200 քաղաքական, տնտեսական և հասարակական միջոցառումներ: