ՀՀ ՊՆ-ն պայմանավորվածություններ է ձեռք բերել չեխ գործընկերների հետ

Պաշտոնական հանդիպումներում քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանի գլխավորությամբ հոկտեմբերի 15-18-ը մասնակցել է Պրահայում տեղի ունեցած «Future Forces Forum 2024» միջազգային ցուցահանդեսին։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Միջոցառման շրջանակում պաշտոնական հանդիպումներ են տեղի ունեցել Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության արդյունաբերական համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Ռադկա Կոնդերլովայի և չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ:
«Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ցուցահանդեսին մասնակցության շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել նաև միջոցառմանը մասնակցող այլ գործընկեր երկրների ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Կարեն Բրուտյանը մասնակցել է Պրահայում տեղի ունեցած «Future Forces Forum 2024» միջազգային ցուցահանդեսին։